Մարվել և շրջանառության մեջ է դրվել «Նյու Յորք 2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկ
Մայիսի 29-ին միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի ՝ «Նյու Յորք 2016»-ի շրջանակներում տեղի է ունեցել «Նյու Յորք 2016» ցուցահանդեսին նվիրված գեղաթերթիկի մարման պաշտոնական արարողությունը:
«Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Նյու Յորքի երկնաքերերից մեկը՝ լուսավորված Հայաստանի դրոշի գույներով: Նամականիշը ունի խնձորի տեսք, որը խորհրդանշում է Նյու Յորք քաղաքը (Նյու Յորքն ամերիկյան խոսակցական լեզվով ասում են «Մեծ Խնձոր»):
Մարումն իրականացրել են ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության
դեսպան, մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Տեխնիկական տվյալներ.
Անվանումը՝ «Հայաստանի մասնակցությունը Համաշխարհային ֆիլատելիստական ցուցահանդես Նյու Յորք-2016-ին»
Թողարկման օրը` 29-ը մայիսի, 2016թ.
Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիջյան, Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 39,2 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 55,0 մմ
Տպաքանակը՝ 30 000 հ.
Աղբյուրը հիշեցնում է, որ Հայփոստը մասնակցում է <Նյու Յորքի-2016> Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին:
Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական միջազգային ցուցահանդեսը գործում է 2016թ-ի մայիսի 28-ից հունիսի 4-ը Նյու Յորքում:
Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: Հայփոստը առաջին անգամ առանձին տաղավարով է մասնակցում նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի կդարձնի Հայաստանը:
Ցուցահանդեսին ներկայացված են 2013, 2014 և 2015թ. –ի հայկական նամականիշերի հավաքածուներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ