Հայաստանի քաղաքական դաշտում գաղափարաբանական ուժեղ լիբերալներ չկան. Արմեն Աշոտյան
«Հանրապետական կուսակցությանը մեղադրել այն բանի մեջ, որ այսօրվա ընդդիմադիր դաշտը այս վիճակում է կամ դեռևս զարգացման փուլում է, նշանակում է՝ հուսալ որ իշխանությունները կձևավորեն իրենց համար հարմար ընդդիմություն», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, Հայաստանի քաղաքական դաշտը «կորիզացման» խնդիր ունի, և իշխանությունը չի ցանկանում ունենալ կառավարելի ընդդիմություն:
«Տեսեք՝ Հայաստանի քաղաքական դաշտում լավ ներկայացված են Պահպանողականները՝ ՀՀԿ, սոցիալիստները՝ ՀՅԴ, իսկ լիբերալ թևը ՀՀՇ-ի 97 թվականին իշխանությունից հեռանալուց հետո չի ձևավորվում որպես լիբերալ թև: Մենք չունենք գաղափարաբանական ուժեղ լիբերալներ քաղաքական դաշտում: Ակնհայտ է չէ՞, որ հասարակությունը ազատական է դառնում: 21-րդ դարը ենթադրում է, որ լիբերալների պոտենցիալ ձայները շատանում են: Ո՞վ է այդ քաղաքական ուժը, որ իր հետևից կտանի հայ հասարակության ազատական հատվածի լիբերալների 10-15 տոկոսը», -հայտարարեց նա:
Այդուհանդերձ, ըստ Աշոտյանի, լիբերալների շրջանում կան անհատականություններ ինչպիսիք են՝ Դավիթ Շահնազարյան, Արամ Մանուկյան, Ալիկ Արզումանյան, Խաչատուր Քոքոբելյան, բայց լիբերալների քաղաքական ինստիտուտը ձևավորված չէ:
«Քաղաքացիական շարժումները լավ հող են քաղաքական միախմբման համար, բայց ցավոք, դա չստացվեց Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ, չգիտեմ՝ 17 թվականին ում մոտ կստացվի և կստացվի՞ թե՞ ոչ», հավելեց նախկին նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բալասանյանն ավելի հին է, քան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը. Աշոտյան
- Իշխանությունները ԼՂ հարցում գնում են բանական փոխզիջումների. Աշոտյան
- Աշոտյանը՝ նոր ամբիոնից