Փաստաբանների պալատի փոխնախագահ. Զինյալների հետագա պատժաչափը կախված է նրանց հետագա գործողություններից
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը պատասխանում է Panorama.am-ի հարցերին:
Հարց. Զինված խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ի՞նչ պատիժ է սպառնում զինված խմբի անդամներին:
Պատասխան. Այս հարցին պատասխանելու համար նախ և առաջ պետք է տեսնել, թե արդյոք զինված խմբի կողմից նշված արարքները կատարելը դիտարկվելու է որպես մի խումբ անձանց կողմից նախապես համաձայնությամբ կատարված, թե՝ հանցանքը կազմակերպված խմբի կողմից կատարված: Կարևոր է նաև այն հանգամանքը, թե խմբի այս կամ այն անդամի կողմից կատարված արարքն ինչ հետևանքներ է առաջացրել (օր. գնդապետ Վանոյանի մահը): Արդյո՞ք հետևանքն առաջացել է դիտավորությամբ, թե՝ անզգուշությամբ: Ամեն դեպքում, այս երկու հանցակազմերի (ՀՀ քր. օր 219 և 235 հոդվածներ) առավելագույն պատիժներն ամբողջությամբ գումարելիս առավելագույն ազատազրկումը կկազմի 20 տարի, իսկ նվազագույնը՝ մոտ 4-5 տարի՝ կախված նրանից, թե պատիժներն ինչ համամասնությամբ կգումարվեն: Դեռևս բաց է մնում նաև գնդապետ Վանոյանի սպանության հարցը, այս կապակցությամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ տեղեկատվություն չկա:
Հարց. Եթե նրանք զենքերը վայր դնեն, դա կարո՞ղ է դիտվել մեղմացուցիչ հանգամանք, պատիժն ու պատժաչափն այդ դեպքում ի՞նչ հնարավոր փոփոխության կենթարկվեն:
Պատասխան. Ե՛վ 219-րդ հոդվածը և՛ 235-րդ հոդվածը նախատեսում են քրեական պատասխանատվությունից ազատում, եթե անձը կամովին հանձնում է ապօրինի ձեռք բերված զենքը կամ իր պահանջներից կամովին հրաժարվում է և կամովին ազատում է զավթած շինությունը, եթե նրա արարքը այլ հանցակազմ չի պարունակում: Իսկ եթե, նրանց արարքը պարունակում է մեկ այլ հանցակազմ, ապա վերջիններս քրեական պատասխանատվության են ենթարկվում այդ հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքը կատարելու համար:
Հարց. Հնարավո՞ր է հետագայում այդ հոդվածներով դատապարտնվածներն ազատ արձակվեն ներմամբ կամ համաներմամբ, ի՞նչ է նախատեսում օրենքը:
Պատասխան. Այո՛, անկախ հանցագործության բնույթից և ծանրության աստիճանից, ՀՀ Նախագահը ՀՀ Սահմանադրության 135-րդ հոդվածի ուժով օժտված է հանցագործություն կատարած անձանց ներում շնորհելու իրավասությամբ: Նույնը վերաբերվում է ՀՀ ԱԺ-ին, որը ևս ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի ուժով (Կառավարության առաջարկությամբ) օժտված է համաներման մասին օրենք ընդունել և քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատ արձակել հանցագործություն կատարած անձանց՝ անկախ հանցագործության բնույթից և ծանրության աստիճանից: Նշված իրավասությունները սահմանված են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 82 և 83 հոդվածներով:
Հարց. Եթե, ասված մի արասցե, իրավիճակը սրվի, հանգուցալուծումը լինի ոչ խաղաղ: Քրեական գործի վերաորակո՞ւմ է տեղի ունենալու, մեղադրա՞նք է փոխվելու:
Պատասխան. Այդ հարցին այժմ հնարավոր չէ պատասխանել։ Հուսանք, որ հանգուցալուծումը կլինի խաղաղ։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ