«Պահեստազորի սպաների համահայկական միությունը» դատապարտում է հայ զինվորի ու սպայի անունն օգտագործելու ցանկացած երևույթ
«Պահեստազորի սպաների համահայկական միությունը» հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է.
«Մեր պետության համար դժվարին այս օրերին, երբ խաղաղությունն ու զսպվածությունը չափազանց կարևոր են, հայկական բանակի սպաներն ու զինվորները շարունակում են իրենց ծառայությունն իրականացնել մարտական դիրքերում` ապահովելով հայրենիքի սահմանների անառիկությունն ու պահպանելով Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը:
«Պահեստազորի սպաների համահայկական միությունը» դատապարտում է հայ զինվորի ու սպայի անունն օգտագործելու, դիրքապահ զինծառայողների անունից ինչ-ինչ լուրեր տարածելու, զինվորների որդիական զգացմունքների հետ խաղալու ցանկացած երևույթ և ոտնձգություն: Երկրի ներսում տեղի ունեցող իրադարձություններին մի՛ փորձեք ներգրավել սահմանապահ զինվորին, ով առանց այդ էլ չափազանց պատասխանատու առաքելություն է կատարում և լարված պայմաններում պատվով ու վստահորեն իրականացնում իրեն առաջադրված բոլոր մարտական խնդիրները:
Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար նաև չափազանց կարևոր է, որ լրագրողները դրսևորեն զգուշավորություն և գիտակցեն, որ ցանկացած նյութ, որն առնչվում է բանակին, կարող է բացասաբար ազդել զինծառայողների հոգեբարոյական վիճակի վրա և, ինչու ոչ, օգտագործվել հակառակորդի կողմից, ինչը և հաճախ արվում է:
Կոչ ենք անում զերծ մնալ զինվորների որդիական զգացմունքների հետ խաղալու փորձերից:
Հայ զինվորն ու սպան մեր ողջ ազգի պարծանքն են և Հայոց աշխարհի խաղաղության ու անվտանգության ապահովման գրավականը»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին