Անահիտ Բախշյանը՝ կառավարության որոշման մասին. Ուղղակի անհասկանալի է
Այսօր կայացած նիստում գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Երևանի քաղաքապետին՝ «Տանգո» ՓԲԸ-ի կողմից Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող շենք-շինությունների օտարումից Երևան համայնքի բյուջե վճարման ենթակա՝ 4,886,296.6 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը ( բայց ոչ ավելի քան 2,313,661.4 հազ. դրամը) ստանալուց հետո ուղղել Երևանի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այս որոշումը զարմանալի է համարում:
Արձագանքելով որոշմանը, Բախշյանը տարածած հաղորդագրության մեջ թվային տվյալներ է հրապարակել, ըստ որի. «Երևանի բյուջեով ասֆալտ-բետոնի ծածկի վերանորոգման և պահպանման համար նախատեսվել է 3.384.000.0 դրամ, իսկ մայրուղիների և փողոցների վերակառուցման ու հիմնանորոգման համար՝ 100.000.0 դրամ: Իսկ արտաքին լուսավորության` ներկայումս գործող ռեժիմի պահպանման պարագայում աշխատանքների պահպանման համար` 2.361.043.8 հազ. դրամ: Ստացվում է՝ նույն նպատակների համար թե՛ բյուջեով է նախատեսվել ոչ քիչ գումար, թե՛ վերոնշյալ որոշմամբ կառավարությունը, չեղած տեղից, էլի է գումար տրամադրել»:
Բախշյանն ընդգծում է, այնինչ Երևանում ունենք ոլորտներ, որտեղ ողբալի վիճակ է, օրինակ՝ վերելակային ցանցը, որի պահպանման համար ընդամենը 98.մլն է նախատեսվել, և տարեկան մի քանի ողբերգական դեպք է արձանագրվում:
«Կամ էլ քաղաքի փողոցները բեռնաթափելու համար, օրինակ՝ կարելի էր այդ գումարը տրամադրել Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցմանը ու հազար ու մի բաց տեղ ուներ Երևանը, և կարելի էր ինչ-որ մնայուն բան նախաձեռնել Երևանում: Ուղղակի անհասկանալի որոշում է, ազնիվ խոսք»,-նշել է Ա. Բախշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին