Քաղաքական աշունը կլինի բուռն և հետաքրքիր. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին կուսակցության թեկնածուների մասնակցության հարցը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա տեղեկացրեց, որ հաստատվել է Վանաձորում, Գյումրիում ավագանու ընտրությանների նախընտրական ցուցակը. 99 հոգուց բաղկացած կլինի Գյումրիի ավագանու ցուցակը Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, 68 հոգուց բաղկացած կլինի Վանաձորի ավագանու ցուցակը Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ։
«Մենք բաց, հրապարակային մրցակցության կողմնակից ենք, ակնկալում ենք, որ քաղաքական մրցակցությունը կլինի շատ բարձր և բաց մրցակցության ընթացքում վանաձորցիները, գյումրեցիները կընտրեն այն թեկնածուներին, կուսակցություններին, ում կվստահեն իրենց քաղաքի կառավարումն առաջիկա տարիների ընթացքում»,- ասաց Է.Շարմազանովը:
Նա նշեց, որ Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի անձնական որոշումն է՝ չմասնակցել ընտրություններին:
«Մենք հարգել ենք իր որոշումը: Մամիկոն Ասլանյանը բավականին հարգված է, հաջողության դեպքում կարող է շատ լավ ղեկավարել Վանաձորի նման կարևոր համայնքը»,- նշեց նա:
Է. Շարմազանովի խոսքով, Աշտարակի դեպքում թողել են կուսակցության տարածքային, շրջանային կառույցների քննարկմանը, Մասիսի դեպքում գործող քաղաքապետը չի առաջադրվել, հայտարարել է, որ սատարելու է ՀՀԿ թեկնածու Դավիթ Համբարձումյանին:
ՀՀԿ մամուլի խոսնակը նաև նշեց, որ նիստի ընթացքում քննարկել են ԱԺ գալիք նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները՝ ընտրվելու է գլխավոր դատախազ, քննարկվելու է Հարկային օրենսգիրքը:
«Նախապատրաստվում ենք քաղաքական աշնանը: Կարծում ենք՝ քաղաքական աշունը կլինի բուռն և հետաքրքիր»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված գլխավոր դատախազի հրաժարականը հենց այս փուլում՝ ՊՊԾ գնդի գրավումից հետ, նա ասաց, որ կա պաշտոնական տեղեկատվություն, թե ինչու է հրաժարականի դիմում ներկայացրել Գևորգ Կոստանյանը. «Ես հակված եմ հավատալու պաշտոնական տեղեկատվությանը, ցանկանում եմ առողջություն, շուտափույթ ապաքինում պարոն Կոստանյանին»:
Խոսելով հուլիսյան դեպքերի մասին, նա ասաց, որ Հայաստանում բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես օրինականության ճանապարհով, զենքով որևէ խնդիր չի կարող լուծվել: Ըստ նրա, եթե որևէ մեկը ցականում է իշխանափոխություն, դրա համար կա մեկ ճանապարհ՝ ընտրությունները:
«Ցանկացած երկրում ոստիկաններին սպանելն, զենքով հարցեր լուծելն ուղիղ կրակոց է տվյալ երկրի հասարակությանը, պետական ինստուտներին, պետությանը: Ժողովրդավարական երկրներում զենքով հարցեր չեն լուծում: Կան ընտրություններ, թող մասնակցեն ընտրություններին»,- ասաց նա:
Ըստ Է.Շարմազանովի, կան մարդիկ, ովքեր սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն իշխանության քաղաքականությունից դժգոհ են, բայց դա չի նշանակում, որ պետք է զենք վերցնել ու կրակել:
«Վատ ենք կառավարում, ընտրություններին մեզ մի ընտրեք: Մեր երկրում իշխանությունը, ընդդիմությունը, շատ դժգոհ մարդիկ իրավունք չունեն գնալ ծայրահեղական քայլերի, որևէ արյունահեղությամբ խնդիրներ լուծել »,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ