Երիտասարդ հայ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության մեդալների համար
Ֆրանսիայի Մակոն քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը կայանալիք ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունից առաջ մեր ազատ և հունահռոմեական ոճի երիտասարդական հավաքականներն իրենց վերջին ուսումնամարզական հավաքներն են անցկացնում Երևանում և Աբովյանում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ազատ ոճի ընտրանին, Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ, մարզվում է Երևանի հավաքականների կենտրոնում: Օգոստոսի 31-ին թիմը կվերջացնի ուսումնամարզական հավաքը, իսկ սեպտեմբեր 1-ին կմեկնի մրցավայր:
Ֆրանսիայում հանդես է գալու Հայաստանի ազատ ոճի վեց ըմբիշ՝ Արման Անտոնյան (50 կգ), Մխիթար Գրիգորյան (55 կգ), Հարություն Բարսեղյան (60 կգ), Հակոբ Ավետիսյան (66 կգ), Տիգրան Մնացականյան (74 կգ), Սարգիս Հովսեփյան (84 կգ): Սարգիսը թեև Ռումինիայում կայացած Եվրոպայի առաջնությունում հանդես է եկել 86 կգ քաշային կարգում, սակայն Ավետիք Վարդանյանն ու նրա օգնական Արմեն Մալխասյանը վերջնականապես չեն կողմնորոշվել թե որ քաշային կարգում հայտավորեն:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր կմեկնի հետևյալ կազմով՝ Սերգեյ Սիմոնյան (50 կգ), Էդգար Թամազյան (55 կգ), Գևորգ Խումարյան (60 կգ), Մալխաս Ամոյան (66 կգ), Արման Բաղդասարյան (74 կգ), Էդգար Խաչատրյան (120 կգ): Մակոնում Արմեն Բաբալարյանին կօգնի Մովսես Կարապետյանը: