Ստեղծվել է «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամ
Ստեղծվում է «Սասնա ծռեր» բարեգործական հիմնադրամ խմբի անդամներին և նրանց ընտանիքներին սատարելու առաքելությամբ: Հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ թիրախային խմբի համար ապահովելու են աջակցություն իրավաբանական, ֆինանսական, բժշկական և այլ հարթություններում:
Նա տեղեկացրեց, որ հիմնադրամն ունի պետական գրանցում, բացված է հաշվեհամար Ամերիաբանկում, ստեղծվել է հոգաբարձուների խորհուրդ, որի անդամներն են՝ Արմենակ Կյուրեղյանը, Եղիշե Պետրոսյանը, Թեհմինե Ենոքյանը, Նանոր Սեֆիլյանը և Արուսյակ Հայրապետյանը:
Այս օրերի ընթացքում նույնիսկ գործ են արել. Հայրապետյանի խոսքով, հավաքագրել են թիրախային խմբի, որոնց նա անվանեց «քաղբանտարկյալներ» բոլոր տվյալները, նաև այն փաստաբանների անուններն են հավաքագրել, որոնք պաշտպանումե ն ազատազրկվածներին:
Հայաստանում մի շարք երկրների դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին, Հայրապետյանի տեղեկացմամբ, փոխանցվել են տվյալներ անազատության մեջ գտնվողների մասին:
«Կատարվել են փոխանցումներ, նույնիսկ արտասահմանյան երկրներից, այսօր, օրինակ, փոխանցում է կատարվել Միացյալ նահանգներից», -հավելեց Ֆելիքս Հայրապետյանը:
«Շատ լուրջ մոտեցում ունենք այս ամենին: Չպետք է աչքաթող անենք որևէ մի հալածյալի կամ տուժածի: Մեր կողմից կլինի անբարոյականություն առաջամարտիկների ընտանիքին մատնել անուշադրության», -իր հերթին նկատեց հոգաբարձուների խորհրդի անդամ, երգիչ Եղիշե Պետրոսյանը, ով, հիշեցնենք, նույնպես անցնում էր քրեական գործում, բայց նրա նկատմամբ քրեական գործը կարճվեց:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմենակ Կյուրեղյանը, որի երեք որդիները գտնվում են անազատության մեջ, հայտարարեց, որ իրենց բարեգործության խորհրդանիշը «Հաց բերող» անվանումն ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին