Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակ Թալի Պլոսկով. Հոգով ու սրտով հայ ժողովրդի հետ եմ
«Ես գիտակցում եմ, որ եղել է Հայոց Ցեղասպանությունը և հոգով ու սրտով հայ ժողովրդի հետ եմ»,- անդրադառնալով օրերս Հայոց ցեղասպանության հարցով իր խոսքերի վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններին` հայ-իսրայելական համագործակցության ոչ քաղաքական-հասարակական ֆորումի անդրանիկ նիստի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակ, Քնեսեթի Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը:
«Օգտվելով առիթից, որ այստեղ ներկա են ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք ձայնագրում են այն, ինչ ես ասում եմ, ես կցանկանայի կրկին արտահայտել իմ կարծիքը այս հարցով, որպեսզի ոչ մի չհասկացվածություն և չասված խոսքեր այլևս չլինեն»,- նշեց Թալի Պլոսկովը:
Փոխխոսնակի խոսքով` ինքը նամակ է ստացել հայազգի մի տիկնոջից, որտեղ նա իր մտահոգություն է արտահայտել իր հարցազրույցում ներկայացված շեշադրումների վերաբերյալ:
«Նա ամեն ինչ ճիշտ է կարդացել, սակայն գրողն է սխալ գրել այն, ինչ ես ասել եմ»,- ասաց Թալի Պլոսկովը:
«Հենց այդ պատճառով ես հիմա հարկ եմ համարում հստակեցնել իմ դիրքորոշումը: Ես մշտապես հանդիսացել եմ Հայոց Ցեղասպանության ճանաչման կողմակից և իմ ուժերի ներածին չափով կշարունակեմ զբաղվել այս հարցի լոբբինգով Իսրայել պետության խորհրդարանում: Ես կցանկանայի նշել, որ Քնեսեթում Ցեղասպանություն ճանաչման կողմակիցների թիվը անընդհատ աճում է: Մենք այս հարցը բարձրացնում ենք նիստերի ժամանակ: Այս հարցում ամենամեծ հաջողությունը այն է, որ ընդամենը երեք ամիս առաջ կրթության, մշակույթի և սպորտի հարցերով հանձնաժողովը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը: Այո, սա դեռ Իրայել Պետության պաշտոնական դիրքորոշումը չէ, սակայն սա առաջընթաց է այս հարցով: Եվ, իմ համոզմամբ, բավական նշանակալի առաջընթաց»,- նշեց Թալի Պլոսկովը:
Նրա խոսքով` Իսրայելում շատ քիչ բան գիտեն Հայաստանի, հայոց պատմության և Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման մասին, և հենց այս հարցի լուծմամբ պետք է զբաղվի հայ-իսրայելական համագործակցության ոչ քաղաքական-հասարակական ֆորումը:
«Եկեք պատմենք, աշխարհին այն մասին, թե ինչ է այստեղ տեղի ունեցել 1915 թվականին: Եկեք պատմենք ճշմարտությունը»,- հայտարարեց Թալի Պլոսկովը::
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին