Այսօր փորձում ենք դուրս գալ տարեցների շուրջօրյա մեծ հաստատությունների համակարգից. Ա.Ասատրյան
Վերջին տարիներին կարևորում ենք ոչ միայն դրամական վճարներով սոցիալական աջակցությունը, այլև՝ սոցիալական վերականգնողական ծառայությունների, ցերեկային կենտրոնների, փոքր տների մոդելների կիրառումը,- ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը Հայկական և Շվեյցարական Կարմիր Խաչի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նա ներկայացրել է տարեցների ոլորտում իրականացվող ծրագրերը, նշել, որ ոլորտում ներկայիս որդեգրած քաղաքականությունն ուղղված է ամբողջական գնահատված կարիքի հիման վրա սոցիալական ծառայությունների տրամադրմանը:
«Այսօր փորձում ենք դուրս գալ տարեցների շուրջօրյա մեծ հաստատությունների համակարգից, և համայնքային սոցիալական ծառայությունների և ՀՀ կառավարության կողմից հաստատված տարբեր մոդելների միջոցով իրականացնել այն քաղաքականությունը, որն ուղղված է տարեցների կենսաապահովման պայմանների բարելավմանը և հասարակական կյանքում առավելագույնս ներգրավված լինելուն»,-ասել է է Արտեմ Ասատրյանը:
Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել Հայկական և Շվեցարական Կարմիր Խաչի հետ արդյունավետ համագործակցությունը, ընդգծելով կառույցի՝ բնակչության բոլոր շերտերի, մասնավորապես խոցելի խմբերի խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման, պետական կառույցների հետ համագործակցության կարևորությունը:
Տեղական և միջազգային կառույցների հետ համագործակցության մասին խոսելիս՝ նախարարի պաշտոնակատարը կարևորել է ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագիրը, որը հարթակ է ստեղծում սոցիալական ոլորտի պետական ծրագրերը համատեղ քննարկելու, հասցեականությունը բարձրացնելու և բոլոր կողմերի ջանքերի միավորմամբ ոլորտի խնդիրները լուծելու համար:
Հանդիպման ընթացքում Արտեմ Ասատրյանը անդրադարձել է նաև զբաղվածության և հաշմանդամության ոլորտի բարեփոխումներին, ներդրված նոր ծրագրերին:
Պատվիրակության անդամները իրենց հերթին ներկայացրել են Հայաստանի երկու մարզերում մեկնարկող տարեցների խնամքի և առողջ ծերացմանն ուղղված ծրագիրը: Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրենց փորձագիտական ներուժով, կարողություններով և միջոցներով առաջիկայում ևս աջակցել սոցիալական ոլորտի խնդիրների լուծմանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ