Իրականում ոչ մի փոփոխություն գոյություն չունի. Լևոն Զուրաբյան
«Հասարակությունն արդեն իր ռեակցիան տվել է, բոլորն էլ հասկանում են, որ դա մոտավորապես «գելի գլխին ավետարան կարդալու» նման մի բան է, ինչը և վարչապետն, իրեն հատուկ հմտությամբ, ցուցադրեց: Այսինքն՝ որևէ լուրջ մարդ, իսկ մեր ժողովուրդը կազմված է հիմնականում լուրջ մարդկանցից, չի կարող նման բան լուրջ ընդունել,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ պրիմիտիվ գողությունների վերաբերյալ հայտարարության մասին:
Խոսելով ԱԺ հրավիրած արտահերթ նիստի և օրակարգի մասին, Լ. Զուրաբյանն ասաց, որ վարչապետը սահմանադրական կոնկրետ ժամկետ ունի, որ ձևավորի կառավարություն:
«Եթե ուզում է կառուցվածքային փոփոխություններ անել նախարարների նշանակումից առաջ, եթե միայն այդ խնդիրն էր, պետք էր Ազգային ժողովի արտահերթ նիստ արվեր միայն այդ խնդրով»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչդեռ օրակարգում 22 օրինագիծ է՝ Հարկային օրենսգիրք, ֆինանսական համահարթեցման փաթեթ և այլն:
«Բանն այն է, որ փորձում են մեզ ապացուցել, որ այս կառավարությունն ինչ-որ լուրջ ծրագրերով է հանդես գալու, լուրջ փոփոխություններ է անելու: Եթե դա այդպես էր, ուրեմն պետք էր ծրագիրը ներկայացվեր, ընդունվեր, որից հետո միայն նրա բոլոր նախաձեռնությունները կքննարկեինք»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ըստ նրա, Հարկայiն օրենսգիրքն առաջին ընթերցմամբ քննարկվել է, բավականին լուրջ պրոբլեմներ կային դրա հետ կապված:
«Վարչապետը խոսում է փոփոխությունների մասին, նշանակում է, որ պետք է վերայանել այս օրենսգիրքը, նոր մոտեցումներ լինեն, բայց պետք է արվեր կառավարության ծրագրի ընդունումից հետ: Սա նշանակում է, որ իրականում ոչ մի փոփոխություն գոյություն չունի, համակարգը շարունակում է աշխատել նույն ձևի, որոշումները վաղուց ընդունված են, վարչապետի նշանակումն ընդամենը նոմինալ նշանակություն ունի և նպատակն է ընտրություններից առաջ ստեղծել տպավորություն, որ իսկապես ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ