Ոստիկանների գործելաոճում խոշտանգելու մեթոդը բացակայում է. Ոստիկանության շտաբի պետի տեղակալ
Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում (ՁՊՎ) մարդու իրավունքների խախտումները տարեց տարի նվազում են, և դա ցույց է տալիս ուսումնասիրությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ոստիկանության ՁՊՎ-ներում հասարակական դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը:
«Խախտումները նվազում են, բայց կան, իսկ դրանք օրենսդրական բացի պատճառով է, որ կատարվում են», -ասաց Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ չի եկել ասուլիսի ոստիկանությանը գովերգելու համար:
Անդրադառնալով հուլիսյան դեպքերին` Իսկանդարյանն ասաց, որ իրենք այցելել են ՁՊՎ-ներ և տեսել, որ բերման ենթարկված շատ քաղաքացիներ ունեցել են մարմնական վնասվածքներ:
«Կային մարմնական վնասվածքներ, որոնք պատմելու չեն», -նկատեց Իսկանդարյանը:
Դիտորդական խումբը իրենց կատարած ուսումնասիրության արդյունքներով 2015 թվականին 48 անգամ դիմել է ոստիկանություն և արդյունքում 35 ոստիկան վարչական պատասխանատվության է ենթարկվել:
Ոստիկանության ՁՊՎ-ներում հասարակական դիտորդական խմբի անդամ Հասմիկ Սահակյանը տեղեկացրեց, որ այդ ոստիկանների մեջ չկան անձինք, ովքեր քաղաքացիներին ծեծելու համար են վարչական պատասխանատվության ենթարկվել:
«Ոստիկանության ՁՊՎ-ներում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքեր չկան: ՁՊՎ-ներում աշխատող ոստիկանները այդտեղ գտնվող անձանց չեն ծեծում, չեն խոշտանգում: Մարդիկ արդեն խոշտանգված գալիս են ոստիկանության բաժիններից», -նշեց Սահակյանը:
Ասուլիսին ներկա ոստիկանության շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը նկատեց, որ կան ոստիկաններ, որոնց գործունեությունը քրեական գործով կարգավիճակ ունենալու համար կասեցված է, կան նաև ոստիկաններ էլ ովքեր կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, կան նաև այնպիսիք, ովքեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
«Մարմնական վնասվածքներ, խոշտանգումներ ոստիկանության կողմից չեն արձանագրվել: Այդ հարցը ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում և արդյունքում այսօր ոստիկանության ծառայողների գործելաոճում այդ մեթոդը բացակայում է», -հայտարարեց Բադասյանը:
Նրա խոսքով, ոստիկանության ծառայողների կողմից կատարված խախտումները «հիմնականում օբյեկտիվ բացատրություններ են ստանում»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ