Ի՞նչ եղավ ժողովուրդ. Դատավորի արձագանքը քաղաքացիների դժգոհություններին
Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց հուլիսյան դեպքերի ժամանակ ձերբակալված ու ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող երեք երիտասարդների գործով դատական նիստը:
Նշենք, որ երիտասարդներ Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը և Սոսո Մարգարյանը, ըստ մեղադրական եզրակացության, մեղադրվում են հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած «հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն է գործադրելու և նրանց ոտքերով հարվածելու և նրանց ուղղությամբ քար նետելու համար»:
Դատարանում հավաքված քաղաքացիներին տհաճ անակնկալ էր սպասվում. դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց որոշում, որի համաձայն երիտասարդների քրեական գործերը սխալ է ուղարկվել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և ընդդատության կարգով ուղարկվեց Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Որոշման հրապարակումը դժգոհություն առաջացրեց դատարանի դահլիճում սպասող քաղաքացիներին և նրանք սկսեցին բողոքել: «Ի՞նչ եղավ, ժողովուրդ», -դիմելով քաղաքացիներին հետաքրքրվեց դատավորը:
Երբ մարդիկ հարցրին, թե ինչո՞ւ փոխվեց դատարանը, Գաբրիելյանը պատասխանեց. «Որովհետև սխալ որոշում էր կայացվել: Այս գործը պետք է քննվի Կենտրոնի դատարանում»:
Դահլիճից դատավորի հեռանալուց հետո քաղաքացիները սկսեցին բողոքել. «Թող սխալ չանեին, ինչի՞ համար են աշխատում, որ սխալ անե՞ն: Ըտենց սխալ դատում են, գործ են սարքում: Ե՞րբ են ճիշտն անում: Անգամ տուժող չունեն, հիմա ժամանակ են ձգում, որ տուժող գտնեն, երեխեքին դատեն»: