Քաղաքապետը պիտի հասկանա մարդկանց, լինի խարիզմատիկ. հարցում
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի Հայաստանում ներկայացուցչության» տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին նվիրված «Ք. Վանաձորի ՏԻՄ/ավագանու ընտրություններ. քաղաքական կուսակցությունների վարկանիշները» խորագրով հետազոտության արդյունքերը:
Արամ Նավասարդյանը նշեց, որ հետազոտություն իրականացվել է հեռախոսային
հարցուﬓերի (CATI) միջոցով: Հարցմանը մասնակցել է 600 մարդ, հետազոտության
ընտրանքային սխալը` ±4 տոկոս: Հարցումն անց է կացվել սեպտեմբերի 23-29-ը ընկած ժամանակահատվածում:
Մասնավորապես պատասխանելով`«Նշեք Վանաձոր քաղաքի հիﬓախնդիրները» հարցին, հարցվածների 62,3 տոկոսը մատնանշել է ճանապարհների բարեկարգման խնդիրը, 38,5 տոկոսը` աշխատատեղերի խնդիրը, 34,5 տոկոսը` աղբահանության խնդիրը, 23.2 տոկոսը` լուսավորության խնդիրը, 11.5 տոկոսը` կանաչապատման
խնդիրը, 11.3 տոկոսը` աղքատության բարձր մակարդակը, 4,4 տոկոսը` արտագաղթը, 3,8 տոկոսը` հասարակական տրանսպորտի խնդիրը, 2.1 տոկոսը` առողջապահական ծառայության ցածր մակարդակը:Այլ խնդիրները մատնանշել է հացվածների 2,1 տոկոսը:
Քաղաքի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի աշխատանքից միանշանակ գոհ է հարցվածների միայն 7,8 տոկոսը: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 11,3 տոկոսը, քաղաքապետի գործունեությունից միանշանակ դժգոհ է հարցվածների 44,7 տոկոսը: «Ավելի շուտ ոչ» պատասխանը տվել է հարցվածների 19.8 տոկոսը: Քաղաքապետի գործունեությունից ավելի շուտ գոհ է հարցվածների 16.3 տոկոսը:
Արամ Նավասարդյանը նշեց, որ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին է հայտնել հարցվածների 86.8 տոկոսը: Հարցվածների միայն 8.7 տոկոսն է նշել, որ չի մասնակցելու ընտրություներին: Հարցին դժվարացել է պատասխանել հարցման մասնակիցների 4.5 տոկոսը:
«Որ կուսակցությանն եք տալու Ձեր ձայնը» հարցին հարցվածների 20.9 տոկոսը դժվարացել է պատասխանել, 29.8 տոկոսը հրաժարվել է պատասխան տալ, իսկ 2.3 տոկոսը նախապատվություն չի տվել նշված քաղաքական ուժերից և ոչ մեկին:
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի վարկանիշին, ապա, ըստ հարցման արդյունքնների, ՀՀԿ-ին պատրաստվում է իր ձայնը տալ հարցվածների 30,3 տոկոսը, 6.9 տոկոսը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, ԲՀԿ-ին` 3,5 տոկոսը, ՀՅԴ-ին`2,3 տոկոսը: «Հայկական վերածնունդ» կուսակցության վարկանիշը կազմում է 2.7 տոկոս, «Քաղաքացիական պայմանագիր» » կուսակցության վարկանիշը`0.4 տոկոս, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարկանիշը` 0.2 տոկոս: Նորաստեղծ «Համախբում» կուսակցությանը պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 0,8 տոկոսը:
Մինչդեռ պատասխանելով վերոնշյալ հարցին առանց «հրաժարվում եմ պատասխանել» տարբերակի` հարցվածների 29.8 տոկոսը դժվարացել է պատասխանել, 3.3 տոկոսը նախապատվություն չի տվել մասնակցող քաղաքական ուժերից և ոչ մեկին: ՀՀԿ-ին իր ձայնը տալ պատրաստվում է հարցվածների 43.2 տոկոսը, 9.8 տոկոսը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, ԲՀԿ-ին` 4.9 տոկոսը, ՀՅԴ-ին` 3.3 տոկոսը: «Հայկական վերածնունդ» կուսակցության վարկանիշը այս դեպքում կազմում է 3.8 տոկոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը` 0.5 տոկոս, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարկանիշը` 0.3 տոկոս: Նորաստեղծ «Համախբում» կուսակցությանը պատրաստ է իր ձայնը տալ հարցվածների 1.1 տոկոսը:
«Ինչ հատկություններով պետք է օժտված լինի քաղաքապետը» հարցին հարցվածների 49 տոկոսը մատնանշել է ժողովրդի մասին մտածելը, 25 տոկոսի համար կարևոր է, որ գործող քաղաքապետը հասկանա մարդկանց: 13.3 տոկոսի համար էականը քաղաքապետի հասարակ մարդ լինելն է, իսկ 12.8 տոկոսի համար քաղաքի խնդիրներին իրազեկությունը: Հարցվածների 11 տոկոսի համար գործող քաղաքապետը նախևառաջ պետք է լինի գործունյա, 9.8 տոկոսի համար էական է քաղաքագլխի ճիշտ և գրագետ խոսելը: Պրոֆեսիոնալ և իրազեկ քաղաքապետ է ակնկալում հարցվածների 9.7 տոկոսը, վստահելի` 8.8 տոկոսը: Հարցվածների 5,8 տոկոսի համար քաղաքապետը նախևառաջ պիտի ունենա ռազմավարական մտածողություն, իսկ 0,7 տոկոսի համար պետք է լինի խարիզմատիկ: Հարցին դժվարացել է պատասխանել 11.8 տոկոսը, վերոնշյալ պատասխաններից այլ պատասխան են տվել հարցվածների 5.3 տոկոսը:
Արամ Նավասարդյանը նշեց, որ գալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ սա միակ հետազոտությունն է: «Գելլափ»-ը նախատեսել էր հետազոտություն անցկացնել նաև Գյումրիում, սակայն հայտնի ողբերգությունից հետո, հաշվի առնելով քաղաքում առկա «էմոցիոնալ ֆոնը» հրաժարվել է այդ մտադրությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին