«Բարեփոխված» ոստիկանությունը և հուլիսյան իրադարձությունները. Քննարկում
Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Հայաստանում տեղի ունեցան աննախադեպ ծավալի մարդու իրավունքների խախտումներ և հիմնականը խախտվեց մարդու խաղաղ հավաքներ անելու իրավունքը: Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը:
«Այդ օրերին քաղաքացիները անօրինական կարգով բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ ու պահվեցին մինչև 32 ժամ տևողությամբ: Անձանց նկատմամբ կիրառվեցին բռնություններ, վատ վերաբերմունք և ոստիկանության բաժիններում անձինք հասանելիություն չունեցան ջրի, սննդի», -ներկայացրեց Հարությունյանը:
Նրա խոսքով, ոստիկանության ջանքերն այդ օրերին ուղղված են եղել քաղաքացիների խաղաղ հավաքը խոչընդոտելուն: Կազմակերպության ղեկավարը նկատեց, որ իրենց մոտավոր հաշվարկներով, այդ օրերին ոստիկանության ծառայողների կողմից ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել շուրջ 730 անձինք:
Հելսինկյան Ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը իր հերթին լրացրեց, որ «այսպես կոչված բարեփոխված ոստիկանի» մասին բարձրաստիճան պաշտոնյաների արած հայտարարությունների ֆոնին կատարված խախտումները աննախադեպ էին:
«Այդ մի քանի օրերի ընթացքում մեզ պարզ դարձավ, թե ինչպես է բարեփոխված ոստիկանը և իրականում ինչ ոստիկանական համակարգ ունենք Հայաստանում»- հայտարարեց Պապիկյանը՝ որպես օրինակ հիշեցնելով, որ հորդառատ անձրևի պայմաններում իրեն երկար ժամանակ թույլ չեն տվել մտնել ոստիկանության շենք, տեսնելու իր վստահորդին:
Քննարկմանը ներկա «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի եզրակացությունը մռայլ էր. «Տարեց տարի մենք տեսնում ենք իրավիճակի վատթարացում»:
Նրա ներկայացրած տվյալներով 2014-ին ոստիկանությունից ստացված տեղեկությունների համաձայն 52 անձ էր բերման ենթարկվել խաղաղ հավաքներից, ապա 2015-ին այդ թիվը հասավ 380-ի, իսկ 2016-ին արդեն անցել է 900-ից:
«Սա ոստիկանության պաշտոնական վիճակագրությունն է: Բայց այդ վիճակագրության մեջ ներառված չեն բազմաթիվ դեպքեր: Օրինակ՝ մեզ քաջ հայտնի է, որ հուլիսի 17-ին Վանաձորում անձանց բերման են ենթարկել, հայտնի է՝ ում են բերման ենթարկել, հայտնի է ուր են բերման ենթարկել և ինչքան են պահել: Բայց ոստիկանության ներկայացրած պաշտոնական վիճակագրության մեջ այդ անձինք չեն մտնում»:
Ինչ վերաբերում է հուլիսյան իրադարձությունների ժամանակ, մասնավորապես հուլիսի 20-ին ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառմանը, ապա ըստ Իոաննիսյանի, «71 հատ ձեռքի լուսաձայնային նռնակ է օգտագործվել, 26 հատ 40 մմ-անոց կրակող լուսաձայնային նռնակ և երեք արցունքաբեր գազ: Հատկանշական է, որ ըստ բանախոսի, արցունքաբեր գազից տուժել է միայն մեկ քաղաքացի, բայց 18 ոստիկան»:
Առողջապահության նախարարությունից ստացված տվյալները ներկայացնելով, Իոաննիսյանն ասաց, որ 36 քաղաքացի այդ օրերին ստացել է կոտրվածք ու հավելեց. «Մեծ հարց է, թե քաղաքացին ինչպես է կոտրվածք ստացել: Արցունքաբեր գազից, լուսաձայնային նռնակից քաղաքացին պետք է որ կոտրվածք չստանա, կարող է թունավորվել, աչքերը վնասել, բայց ոչ կոտրվածք ստանալ: Իսկ կոտրվածքը նշանակում է, որ քաղաքացիներին ուղղակի դաժանորեն ծեծել են»:
Բացի այդ, ըստ Իոաննիսյանի, մյուս ամենամեծ խախտումը, որ ոստիկանությունն արել է այդ օրերին, այն է եղել, որ բերման ենթարկված քաղաքացիների մեծ մասին տարել են ոստիկանության զորքերի զորամասեր:
«Սա համազոր է, որ մարդկանց տանեին Վովա Գասպարյանի նկուղը, որովհետև մարդկանց ոստիկանության զորքերի զորամասեր չի կարելի տանել», -հավելեց ՀԿ-ի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ