«1000 տարվա գյուղամեջ» փառատոնի ընթացքում այցելուները կգիշերեն գյուղացիների տներում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «1000 տարվա գյուղամեջ» խորագրով փառատոնն` ուղղված սահմանային հատվածներում գյուղական տուրիզմի զարգացմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Չարդախլու» երիտասարդական խորհրդի անդամ Կարինե Փանոսյանը՝ նշելով, որ այն անցկացվելու է հոկտեմբերի 8-ին և 9-ին Տավուշի մարզի Զորական-Չարդախլու գյուղում:
Կարինե Փանոսյանի խոսքով՝ նպատակը գյուղական ավանդույթների, հետաքրքրիր արվեստների ու արհեստների վերականգնումն է, ինչը կնպաստի նաև էկոզբոսաշրջության զարգացմանը. «Այս երկու օրերի ընթացքում գյուղի տարբեր բակերում գյուղական կենցաղին բնորոշ միջոցառումներ կանցկացվեն՝ բուրդ գզել, թել մանել, մեղր քամել, թոնրի հաց թխել և այլն: Կներկայացվի նաև գյուղի բերք ու բարիքը»:
«Չարդախլու» երիտասարդական խորհրդի անդամ Հովհաննես Կարապետյանն էլ նշեց, որ այցելուները կարող են մասնակցություն ունենալ այս բոլոր միջոցառումների և նաև ուսուցում անցնել, իսկ գիշերակացը լինելու է հենց գյուղացիների տներում. «Բացի սովորույթմերը ներկայացնելուց, կլինի մշակութային ծրագիր, որի ընթացքում կներկայանան գյուղի երգուպարի խմբակները: Փառատոնի միջոցով նպատակն ունենք նաև կանխել գյուղի արտագաղթը»:
Ինչ վերաբերում է գյուղի ընտրությանը և փառատոնի անվանմանը, նա ասաց, որ դա պայմանավորված է Զորական-Չարդախլուի հարուստ պատմությամբ:
Հանդիպմանը ներկա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն էլ ընդգծեց, որ համաչափ տարածքային զարգացմանը էապես նպաստում են այսպիսի միջոցառումները:
«Նոր հետաքրքիր զբոսաշրջության արդյունքով ենք ներկայանում թե ներքին, թե արտաքին տուրիզմի համար: Մենք պարտավոր ենք աջակցել նման փառատոններին: Համոզված եմ, որ այս փառատոնը ժողովրդավարություն կվայելի: Փառատոնը կըդգրկվի մեր զբոսաշրջային փաթեթների մեջ»,-հավելեց Ապրեսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան