Սուրեն Կարայանը պատասխանում է ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ներդրումների կտրուկ նվազման մասին հարցին
ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում կտրուկ նվազել են ներդրումների ծավալները, նշեց, որ դժվարանում է պատճառների մասին խոսել:
«Դժվարանում եմ պատասխանել, թե ինչու նվազեցին, քանի որ դա կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով: Առաջինը, դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ մեր հիմնական գործընկեր երկրները տնտեսական աճ չապրեցին, այլ հակառակը՝ տնտեսական միտումները բացասական էին: Երկրորդը, ինչպես մենք նշում էինք, պետք է բարելավենք մեր ներդրումային միջավայրը»,- ասաց Սուրեն Կարայանը:
Նա միաժամանակ նշեց, որ ներդրումների նվազումը ոչ թե ԵԱՏՄ անդամակցության հետ է կապված, այլ այն բանի հետ, որ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական զարգացումներն այդքան բարենպաստ չէին:
«Որպեսզի մեր հիմնական գործընկեր երկրներից ներդրումների ներհոսք լինի դեպի Հայաստան, առաջինը պետք է և մեր ներդրումային միջավայրը լինի լավ ու պաշտպանված, ինչպես նաև մեր գործընկեր երկրներում պետք է տնտեսական զարգացումները լինեն բարենպաստ»,- ընդգծեց Սուրեն Կարայանը:
Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկելու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, նախարարն ասաց, որ այդ կոնկրետ քայլերը կառավարության գործունեության ծրագրում նշված են: Մասնավորապես, նախանշել են, որ կարճաժամկետ հատվածում վերանայելու են ամբողջապես գործարար և ներդրումային միջավայրը, վեր են հանելու բոլոր այն խոչընդոտները, որոնք այսօր կան, որոնք խանգարում են գործարարության զարգացմանը և ներդրումների ներգրավմանը:
«Կստեղծենք հիմնադրամ, որն ուղղակի օժանդակության միջոցով փորձելու է աջակցել գործարար միջավայրին: Նմանատիպ այլ քայլեր կան: Ներդրոդների համար պետք է ստեղծել օրենսդրական վստահության դաշտ, օրենսդրական պաշտպանության դաշտ, ինչի շուրջ մենք արդեն իսկ նախաձեռնել ենք քայլեր և մոտ ժամանակներս կառավարության քննարկմանը կներկայացնենք ներդրումների մասին նոր օրինագիծ»,- նշեց Սուրեն Կարայանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ