Դեռ երկար ժամանակ մեր կուսակցության նախագահը կլինի Սերժ Սարգսյանը. Շարմազանով
Այսօր երեկոյան տեղի ունեցած Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկվել ու հաստատվել է կուսակցության հերթական համագումարի օրակարգը։ Այդ մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ-ի հերթական 16-րդ համագումարը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին։
Ըստ այդմ, հաստատված օրակարգի համաձայն լինելու է ՀՀԿ նախագահի հաշվետվություն, ՀՀԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն և ՀՀԿ-ի ծրագրում և կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունում։
Բացի այդ, օրակարգում է նաև ՀՀԿ նախագահի, ՀՀԿ ԳՄ անդամների ընտրություն, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողի անդամների ընտրություն, ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձևի ընդունում:
Լրագրողները հետաքրքրվեցին, արդյոք համագումարում բացի Սերժ Սարգսյանից կա՞ն այլ թեկնածուներ։
Ի պատասխան Շարմազանովը ժպտալով ասաց. «Ես չեմ կարծում, որ այլ թեկնածուներ։ ՀՀԿ-ի նախագահը Սերժ Սարգսյանն է և կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ մեր կուսակցության նախագահը կլինի Սերժ Սարգսյանը։ «Մինչև նոյեմբերի 26-ը մենք մեր համագումարի պատվիրականերին կբաժանենք սպասվող փոփոխություների նախագիծը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ ԵԺԿ-ի, «Եդինայա Ռոսիա»-ի, ինչպես նաև Չինաստանի կոմունիստական կուսակցության իրենց գործընկերներին համագումարին մասնակցելու հրավերներ ուղարկվել են։
Նա տեղեկացրեց նաև, որ ՀՀԿ ԳՄ նիստում ՀԱՊԿ գագաթաժողովին, անդրադարձ է կատարվել ԱԺ արտահերթ նիստերին և «դրական են գնահատվել խորհրդարանական մեծամասնության աշխատանքները»։