ՊՆ գործառույթն այլ է. Նախարար Սարգսյանը բանակցությունների ու փոխզիջումների մասին
Հայաստանի պաշտպանական համակարգը, ԶՈՒ-ն անելու են ամեն ինչ, որպեսզի որևէ փոխզիջում ուղղված չլինի մեր իրավունքների նվազեցմանը: Այսօր «Արմենիա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո վերսկսվել է տարածքների զիջման, բանակցային գործընթացում փոխզիջումային տարբերակների մասին խոսակցությունները, ո՞րն է մեզ համար փոխզիջման այդ շեմը, ՊՆ նախարարը մասնավորապես ասել է.
«Սխալ պաշտոնյայի եք այդ հարցը տալիս, որովհետև բանակցությունները դիվանագիտական ոլորտի խնդիր են: Փոխզիջումների շեմը և փոխզիջումային հնարավորությունների միջանցքի լայնությունը որոշվում է այդ բանակցությունների ընթացքում և սահմանվում է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից՝ խորհրդակցելով բոլոր շահառու կողմերի հետ: ՊՆ գործառույթն այս հարցում այլ է. բարձրացնել պաշտպանության մակարդակն այն աստիճանի, որպեսզի փոխզիջումների՝ մեզ համար ավելի ցանկալի պատուհանը լինի հնարավորինս լայն: Եվ որքան ամուր լինի պաշտպանական համակարգը, այնքան ամուր կլինի մեր բանակցային դիրքորոշումը և բանակցային սեղանի շուրջ, և մեր ինքնագնահատման առումով:
Մեր խնդիրը փոխզիջումների մասին մտածելը չէ, մեր խնդիրը համակարգը հնարավորինս ամրացնելն է այնպես, որպեսզի բանակցությունների ժամանակ մենք կարողանանք հանդես գալ շատ հստակ դիրքորոշմամբ: Այդ հստակ դիրքորոշումն առաջին հերթին պետք է ուղղված լինի ԼՂ ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը, որովհետև դա է այս հակամարտության առանցքը: Սա տարածքային վեճ չէ, սա պատմական արդարության վերականգնման վեճ չէ: Սա ազգային անվտանգության և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու պայքար է, որն ամբողջ աշխարհում և միջազգային իրավունքի կողմից ընկալվում է որպես ցանկացած ժողովրդի իրավունքի համար մղվող պայքար: Մենք այստեղ հանդես ենք գալիս ամենաարդար դիրքերից: Հայաստանի պաշտպանական համակարգը, ԶՈՒ-ն անելու են ամեն ինչ, որպեսզի որևէ փոխզիջում ուղղված չլինի մեր իրավունքների նվազեցմանը»:
(լուսանկարը՝ արխիվից)
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. ՊՆ-ն ամենուժեղ և կայացած պետական կառույցն է
- Վիգեն Սարգսյան. Պատարաստ ենք արձագանքել ու հակահարված տալ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին