Մրցակցային դաշտի վրա ազդում են ադմինիստրատիվ խոչընդոտներն ու հարկային-մաքսային վարչարարությունը. Ֆիլիպ Չիբոն
Կարևորելով գործարարների համար Հայաստանում մրցակցային առավել բարենպաստ պայմանների ապահովումը, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր կազմակերպել էր քննարկում՝ գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը հրավիրված էին երեք տասնյակից ավելի գործարարներ, որոնք հանդիսանում են հայկական շուկայում մի շարք ոլորտների (կոնյակ, գինի, շինանյութ, տնտեսական ապրանքներ, մանրածախ առևտուր, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն) առաջատարներ: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից:
«Գործարարների համար հավասար մրցակցային պայմանների ապահովումը մեր գործունեության առաջնահերթությունն է: Մեզ համար շատ ուրախալի է մեր երկրում տարեցտարի նոր հիմնադրվող օտարերկրյա բիզնեսների թվի աճը: Ընդ որում, ինչպես փաստում են ուսումնասիրությունները, ներդրողներին հետաքրքրում են ամենատարբեր ոլորտներ. մանրածախ առևտրից սկսած մինչև հյուրանոցային բիզնես, որն, ի դեպ վերջին տարիներին բավականին հաջողությամբ զարգանում է: Մեզ համար կարևոր է, որպեսզի Հայաստանի հետ տարեկան ավելի քան 1,5 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն ունեցող ԵՄ անդամ երկրների ներդրողները և արտահանող գործարարները վստահ լինեն, որ ՀՀ մրցակցային մարմինը պատրաստ է յուրաքանչյուր գործարարի աջակցել՝ առանց խոչընդոտների և հավասար պայմաններով բիզնես գործունեություն իրականացնելու հարցում»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, որը բարձր գնահատելով վերջին տարիներին գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ մեր երկրում իրականացվող ջանքերը, ընդգծել է ՀՀ ՏՄՊՊՀ-ի գործիքակազմն ու լիազորություններն ընդլայնելու անհրաժեշտությունը. «Հատկապես կարևորում եմ պետական օժանդակության խնդիրը, և պետք է նշեմ, որ դրա դեմ պայքարի միջոցները արդյունավետ կիրառվում են ԵՄ անդամ երկրներում»: Պ. Սվիտալսկին նշել է նաև, որ գործող կառավարությունը մեծ վստահություն է ներշնչում և ակնկալիքներն ու սպասելիքները շատ են:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր գոհունակությունն է հայտնել մրցակցային մարմնի և հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի արդյունավետ համագործակցությունից և նշել, որ պալատի անդամ են ՀՀ-ում գործող ավելի քան 20 ֆրանսիական ընկերություններ, որոնց կողմից բարձրացված խնդիրների լուծման հարցում Հանձնաժողովը մշտապես եղել է հետևողական:
Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ֆիլիպ Չիբոն էլ խոսելով մրցակցային իրավիճակի մասին նշել է, որ մի շարք խնդիրներ, թեև ազդում են մրցակցային դաշտի վրա, սակայն ըստ էության գտնվում են այլ ոլորտներում: Մասնավորապես, նա նշել է ադմինիստրատիվ խոչընդոտների և հարկային-մաքսային վարչարարության խնդիրը:
Ապրանքային շուկաների մրցակցային իրավիճակը ուսումնասիրելու նպատակով, Հանձնաժողովը ընտրանքային կարգով վերլուծություն է իրականացրել մի շարք առաջնային սպառման շուկաներում: Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով սոցիալական կարևոր նշանակության շուկաները, մրցակցային միջավայրը տարեցտարի էապես բարելավվում է, ինչի վկայությունը տասնյակ ոլորտներում նոր տնտեսվարողների թվի աճն է :
Մասնավորապես, Հանձնաժողովի կողմից դիտարկվել են մսամթերքի, մանկական սննդի, կարագի, մարգարինի, ձեթի, բրնձի, շոկոլադի, սուրճի և մի շարք այլ շուկաներ: Պարզվել է, որ նշված շուկաներում արձանագրվել է կենտրոնացվածության մակարդակի նվազում, այսինքն՝ ի հայտ են եկել նոր տնտեսվարողներ, ինչով պայմանավորված՝ տասնյակ ոլորտներում խորացել է մրցակցությունը:
Օրինակ, եթե 2011-ին կարագ ներմուծող 3 խոշոր տնտեսվարողները զբաղեցնում էին շուկայի ընդհանուր կառուցվածքի 91 տոկոսը, այսօր արդեն այդ ընկերությունների ընդհանուր մասնաբաժինը նվազել է մինչև 75 տոկոս: Կարագ ներմուծող ընկերությունների թիվը հասել է շուրջ 30-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին