Ստանիսլավկու անվան թատրոնում հնչյունային օպերատորը վայր է ընկել ու մահացել
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում երեկ գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել: Թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ի գիշերը Շեքսպիրյան փառատոնի ավարտից հետո:
«Ներկայացումից հետո հավաքվել է բեմը, և երբ բոլորը բեմից դուրս են եկել, Աստղիկ Մուշեղյանը բարձրացել է, հավաքելու լույսերը ու վայր է ընկել»,- փոխանցեց տնօրենը:
Տնօրենի խոսքով, բեմի վերևից կախված լույսերն ու բարձրախոսները իրենք երբեք գիշերները կամ երեկոյան ժամերին չեն անջատում:
«Իմ ենթադրությամբ տիկին Մուշեղյանը հավանաբար չի ցանկացել հաջորդ օրը գալ, դրա համար փորձել է գիշերը անել այդ գործը», -ասաց Դավթյանը:
Նրա խոսքով, իրավապահները երեկ դեպքի վայրում նախնական եզրակացություն են հայտնել, որի համաձայն 65-ամյա Աստղիկ Մուշեղյանը հավանաբար սրտի կաթված է ստացել, ինչի հետևանքով էլ վայր է ընկել:
«Մինչև դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ չլինեն վերջնական բան հնարավոր չէ ասել», -նշեց տնօրենը:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից էլ հայտնում են, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` կնոջ մահվան պատճառը պարզելու համար:
Նշվում է, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Համապատասխան հարցումներ են ուղարկվել Նարկոլոգիական և Հոգեբուժական կլինիկաներ, հանձնարարություն է տրվել ոստիկանության Կենտրոնական բաժնին՝ պարզելու դեպքի իրական հանգամանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին