Համաշխարհային բանկը Հայաստանի համար այս տարի զրո տոկոս տնտեսական աճ է կանխատեսում
Համաշխարհային բանկը Հայաստանի համար այս տարի զրո տոկոս տնտեսական աճ է կանխատեսում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը:
Նրա խոսքերով՝ վերջին մի քանի ամիսները՝ սկսած հուլիսից, հիասթափեցնող են, քանի որ առաջին եռամասյակի 4,5 տոկոս աճից հետո Հայաստանի տնտեսությունը թևակոխել է անկման շրջան: «Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի տնտեսությունը այս տարվա երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,8 %»,- ասաց ՀԲ-ի ներկայացուցիչը:
Այդ իսկ պատճառով, ըստ Գոհար Գյուլումյանի, Համաշխարհային բանկը վերանայում է իր կանխատեսումները: Ըստ նրա՝ հոկտեմբերին 2016 թվականի տնտեսական աճի վերաբերյալ ՀԲ-ի սպասելիքները դրական էին՝ 2,4 %, և դրա հիման վրա 2017թ-ի համար կանխատեսում էին 2,8 % աճ : «Սակայն այս պահին ունենալով հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալները, որը ցույց է տալիս ընդամենը 0,4% տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ մեր վերանայված կանխատեսումները, որոնք դեռևս հրապարակված չեն, ցույց են տալիս, որ լավագույնը 0 %-ն է կամ որևէ դրական տնտեսական աճ չի նախատեսվում 2016 թվականի համար», - ընդգծեց Գոհար Գյուլումյանը:
Ինչ վերաբերում է 2017թ-ին, ապա, ըստ նրա, Հայաստանում տնտեսական աճի սպասելիքները 2 %-ից չեն անցնում:
Նրա խոսքերով՝ միջին ժամկետի ցուցանիշները շատ համեստ են՝ 2-2,5 %-ի շրջանակներում, որը Հայաստանի պարագայում խոստումնալից չէ:
«2015 թվականի աղքատության ցուցանիշը, որ հրապարակվել է մի քանի շաբաթ առաջ, ցույց է տալիս, որ աղքատությունը մնացել է նույն մակարդակին՝ ընդամենը 0,2% նվազում: Ուստի, որպեսզի Հայաստանը կարողանա ունենալ որևէ լուրջ ձեռքբերում աղքատության նվազման, սոցիալական խնդիրների լուծման հարցում, տնտեսական աճի ցուցանիշը պետք է տարեկան լինի 5 և ավելի տոկոս»,- ասաց Գոհար Գյուլումյանը: