Ամոթ է, որ մինչ օրս Հայաստանը պլաստիկ արտադրանքը ներմուծում է դրսից. Թաթուլ Մանասերյան
«Թող թյուր տպավորություն չստեղծվի, թե տնտեսական աճը կարելի է ապահովել միայն պետական բյուջեով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
Նրա խոսքերով՝ ճիշտ կազմակերպչական քայլերի շնորհիվ կարող է արտարժույթի բավական մեծ ներհոսք լինել դեպի Հայաստան։ «Դրանից մեկը զբոսաշրջության ոլորտն է, որի համար պետական բյուջեից մեծ ծախսեր չեն պահանջվում։ Սա ընդամենը մեկ ուղղություն է, բայց այսպիսիները տասնյակ են։ Դարձյալ գալիս ենք ծրագրին, առաջնահերթություններին և հետևողական աշխատանքին»,- նշեց տնտեսագետը։
Հարցին, թե որքանով է իրատեսական համարում ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու մասին վարչապետի հայտարարությունը, Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը ծրագրերի պակաս երբեք չի ունեցել թե Տիգրան Սարգսյանի, թե Հովիկ Աբրահամյանի օրոք։
«Այս հայեցակարգերը վաղուց մշակված են և դրանք պետք է ընդամենը կյանքի կոչվեն։ Մի կողմից ներմուծման փոխարինման քաղաքականություն, մյուս կողմից՝ արտահանման խթանման։ Իհարկե, արտահանման խթանման մասով ավելի շատ քայլեր ենք տեսնում, որ արվել են թե համաֆինանսավորման, թե քաջալերելու առումով։ Իսկ ներմուծումն արտահանմամբ փոխարինելու քաղաքականությունը դոփում է տեղում: Մենք ուսումնասիրում ենք այն ապրանքները, որ ներմուծում է Հայաստանի Հանրապետությունը և այն խմբաքանակը, որի արտադրության գծով կան տեղական ռեսուրսներ, առաջին հերթին՝ աշխատուժ, ապա՝ հումք, բնական ռեսուրս, հետո՝ ֆինանսական ռեսուրս։ Ամոթ է, որ մինչ օրս Հայաստանը պլաստիկ արտադրանքը ներմուծում է դրսից, ինչպես նաև կենցաղային լայն սպառման ապրանքները, էլ չեմ խոսում սննդի մասին։ Մինչդեռ անվտանգության նկատառումներից ելնելով՝ 20 տոկոսից ավելի սննդամթերք չպետք է ներմուծվի որևէ երկիր»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։
Տնտեսագետի խոսքերով՝ այն կառույցները, որոնք պատասխանատու են այդ ամենի համար, իրենց վրա արդեն ժամկետային պատասխանատվություն պետք է վերցնեն: «Այս կառուսելը պետք է դադարեցվի»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին