Երիտասարդների միայն 35,4 տոկոսն է աշխատում իր մասնագիտությամբ. հետազոտություն
«Անկախության սերունդ. հետազոտություն երիտասարդների շրջանում» ուսումնասիրությունը պարզել է, որ Հայաստանի այսօրվա երիտասարդությունը խոցելի է և ոչ լիարժեք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Հայկ Վերմիշյանը՝ նշելով, որ հետազոտությունն իրականացրել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակը` ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ:
«Հետազոտության համաձայն` երիտասարդներին բնութագրական է հասարակական կյանքում վարքի անորոշության աստիճանը, սոցիալական ակտիվությունն առավել բնութագրական է արական սեռին: Երիտասարդը չի վստահում քաղաքական մարմիններին և ցուցաբերում է նվազագույն քաղաքական մասնակցություն»,-ասաց նա:
Հայկ Վերմիշյանը տեղեկացրեց, որ հարցմանը մասնակցել են Երևանի ու մարզերի 14-29 տարեկան 1200 երիտասարդ:
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային համակարգող Յուլիա Բլեզիուսը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հետազոտությունը նախաձեռնել են՝ հասկանալու համար, թե հայաստանցի երիտասարդներից ովքեր են նախաձեռնում փոփոխություններ, առաջ են տանում դրանք և հաջողությունների հասնում. «Հետազոտությունը պարզել է, որ լուրջ խնդիր է մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների սակավությունը: Երիտասարդների 24,3 %-ը չի ցանկանում շարունակել կրթությունը հենց այդ պատճառով: Մյուս կողմից` երիտասարդների գիտելիքները չեն երաշխավորում ըստ մասնագիտության աշխատանք գտնելը: Երիտասարդների միայն 35,4 տոկոս-ն է աշխատում իր մասնագիտությամբ»:
Ուսումանսիրության արդյունքները ներկայացնելիս Հայաստանի կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանն ասաց, որ դրանք իրենց օգնում են աշխատանքի պլանավորմանն ու թիրախավորված որոշումներ կայացնելուն. «Բարձրացված հարցրերը նորություն չեն: Դրանցում կան կարևոր խնդիրներ ու շեշտադրումներ` պետության կողմից բարձրագույն կրթության ֆինանսավորման սակավությունը, սոցիալական անհավասարությունը, կրթության որակի խնդիրը և այլն»: