Վարդան Արամյան. Պետական գնումներում ԵԱՏՄ երկրների ապրանքներին տրվող առավելությունները կարող են հանվել
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական գնումների համակարգն այն ամենաարդյունավետ գործիքակազմը չէ, որով հարկավոր է խթանել ներքին արտադրողին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով պետական գնումների գործընթացում տեղական արտադրողներին նախապատվություն տալու մասին հարցին:
Ըստ նախարարի՝ ներքին արտադրողին խթանելու ճիշտ գործիքակազմը պետք է որոշվի առաջարկի քաղաքականությամբ:
«Շատ ավելի լավ է, որ ներքին արտադրողին օժանդակենք ապահովագրությամբ, վարկերի սուբսիդավորմամբ կամ վենչուրային ֆոնդերի ստեղծմամբ: Պետական գնումների գործիքակազմը բավարար չէ ներքին արտադրողներին խթանելու վերաբերյալ դատողություններ անելու համար»,- նշեց Վարդան Արամյանը՝ հավելելով, որ պետք է այնպես անել, որ տեղական արտադրողի մրցունակությունը բարձրանա և մրցույթի պահին նա արդեն պատրաստ լինի մրցակցել՝ առանց արտոնյալ պայմանների սպասելու։
Հիշեցնենք, որ Կառավարության հունվարի 12-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության և առողջապահության նախարարներին համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրության փոխարինելու վերաբերյալ` ըստ առանձին ապրանքների: Վարչապետը նշել էր, որ պետք է դիտարկել փոխարինման մեխանիզմները, տարբեր հնարավորությունները, այդ թվում՝ համարժեք փոխարինող ապրանքները, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և մրցունակ ներմուծողների նկատմամբ:
Վարդան Արամյանն անդրադարձավ նաև փոփոխության ենթարկված պայմանագրաիրավական դաշտին՝ պայմանավորված ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ։ Դրա համաձայն՝ 2015թ. ապրիլի 1-ից մինչև 70 մլն դրամ գնումների դեպքում ԵԱՏՄ երկրներին տրվում է 15% գնային նախապատվություն։
Վարդան Արամյանը նշեց, որ ԵԱՏՄ պայմանագրաիրավական դաշտը պահանջում է, որ միության անդամ երկրներից որևէ մեկի պետական գնումներում խտրականություն չկիրառվի միության անդամ երկրների ապրանքատեսակների նկատմամբ:
«Այսինքն` եթե ՀՀ-ն իրականացնում է պետական գնումներ և այնտեղ ներկայացված են ԵԱՏՄ անդամ երկրների արտադրության ապրանքները, ապա բոլորի համար միևնույն պայմանները պետք է առաջադրվեն և կիրառվեն»,- ասաց ֆինանսների նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ իրենք արձանագրել են՝ այդ պահանջն իր նպատակին չի ծառայում, քանի որ ինչպես նպաստում են ՀՀ տնտեսավարողներին և ռեզիդենտներին, այնպես էլ այդ գործիքակազմով առավելություն է տրվում ԵԱՏՄ անդամ այլ երկրների կողմից արտադրվող ապրանքներին, ինչը Հայաստանի համար ևս ներմուծում է համարվում:
«Օրինակ, ենթադրենք ես 15 տոկոսով ավելի ղազախական արտադրության ապրանքներ եմ գնում: Հարց է առաջանում, թե ինչի համար ես պետք է 15 տոկոս ավելի վճարեմ այդ ապրանքի համար, եթե կարելի է նույն որակի եվրոպական ապրանք գնել, որը ավելի էժան կլինի և կբավարարի իմ պահանջները: Այս տեսանկյունից կարծում ենք, որ այդ գործիքը ներքին տնտեսավարողներին օժանդակելու համար լավը չէ, քանի որ դրանից օգտվելու են նաև արտաքին այլ տնտեսվարողներ: Դրա համար մեր նվազ ռեսուրսների պայմաններում դրանք պետք է ավելի նպատակային օգտագործվեն», - նշեց Վարդան Արամյանը:
Նախարարն նաև ասաց, որ ամենայն հավանականությամբ, կառավարության առաջիկա նիստում ԵԱՏՄ երկրների հանդեպ առավելությունը հանելու են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին