ԿԸՀ ներկայացված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի փաստաթղթերում կան թերություններ
ԱԺ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու գրանցվելու համար ներկայացված փաստաթղթերում կան թերություններ, որոնք շտկելու համար ԿԸՀ-ն տվեց 48 ժամ, ժամկետը լրանում է 2017 թ. փետրվարի 24-ին ժամը 18:00-ին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում ներկայացվեց, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցությունների դաշինքը փետրվարի 16-ին ներկայացրել էր ընտրություններին մասնակցելու ընտրական ցուցակ: Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ 48 ժամվա ընթացքում ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժվում է, իսկ նրա անունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից:
Նշվեց, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակի 23 համար անկուսակացական Վլադիմիր Առաքելյանի փաստաթղթերում չկան վերջին 4 տարվա ընթացքում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում միայն ՀՀ-ում բնակվելու մասին փաստող անհրաժեշտ փաստաթղթերը, 127 համար «Համախմբում» կուսակցությունից Սամվել Մելիքյանի վերաբերյալ որևէ փաստաթուղթ ներկայացված չէ:
Նշենք, որ ԿԸՀ նիստի օրակարգում էր նաև Կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու գրանցվելու համար ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ տալու մասին հարցը:
Հարակից հրապարակումներ`
- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է Արմեն Մարտիրոսյանը
- Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակի երկրորդ տեղում Արմեն Մարտիրոսյանն է