Պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն քանակին, այլև բովանդակությանը. վարչապետ
«Ես շատ լավ հասկանում եմ, որ ձեր փողը քիչ է, բայց եկեք ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքն ու ըստ այդմ շարժվենք առաջ: Մեզ պետք է ուղղակի 10, 15 տարվա հորիզոն ունենալ, երկարատև փող բերել և կարևոր խնդիրները ֆունդամենտալ լուծել», - ասել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ այսօր Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմի հետ Երևանի զարգացման քառամյա ծրագրի արդյունքների ու հետագա անելիքների քննարկման ժամանակ։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Կարեն Կարապետյանը համակարծիք է եղել Երևան քաղաքում ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման ծրագրերում մասնավոր կառավարիչների ներգրավման առաջարկությանը:
«Պետք է մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվարկենք. օրինակ, եթե մասնավորի հետ երկարատև պայմանագիր ենք կնքում, եթե ինքը կարողանում է իր տան փողը, բանկի փողը ներդնել LED-ի մեջ ու եթե այդ LED-ի էֆեկտը տարածենք ամբողջ քաղաքում, ինքն էֆեկտիվ է կառավարելու», - ասել է գործադիրի ղեկավարը:
Կարևորելով Երևանում շինարարության ակտիվացումը՝ վարչապետն ասել է. «Պետք է փորձենք հնարավորինս աջակցել, որպեսզի քաղաքի շինարարությունն աշխուժացնենք, և քաղաքապետարանի թիմը պետք է մասնակից լինի ներդրողների ներգրավման գործին»:
Խոսելով Երևանը զբոսաշրջային առումով առավել հետաքրքիր դարձնելու մասին՝ վարչապետն առաջարկել է, բացի նախատեսվող միջազգային փառատոններից և մշակութային միջոցառումներից, մշակել նաև այնպիսի ծրագիր, որը կխթանի ներգնա տուրիզմը:
«Պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն քանակին, այլև բովանդակությանը, քաղաքացու պահանջարկին և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներին», - նշել է Կարեն Կարապետյանը՝ առաջարկելով ակտիվ համագործակցել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ:
Վարչապետը բարձրացրել է նաև Երևանի որոշ փողոցների արտաքին տեսքի պատշաճության և ներկայանալիության ապահովման հարցը՝ կարևորելով այս ուղղությամբ հետևողական աշխատանքը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ