Մինասյանը ելք է ցույց տալիս՝լուծելու արևմտյան և արևելյան հարևանների միջոցով պարտադրվող խնդիրները
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի տնտեսական դրույթներից մեկը վերաբերում է հանրային միջոցների կառավարման արդյունավետության բարձրացմանը: Այս մասին այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքերով՝ առաջին կարևորագույն հանգամանքը կատարողական հիմնական ցուցանիշների սահմանումն է պետական կառավարման բոլոր մարմինների համար, ինչպես նաև դրանց վերահսկողությունը քաղաքացիական հասարակության, խորհրդարանի և հանրության կողմից:
Երկրորդ կարևորագույն դրույթը, ըստ նրա, ներդրումային նոր քաղաքականության ստեղծումն է: Գագիկ Մինասյանը նշեց, որ առանց ներդրումային հնարավարությունների դժվար է պատկերացնել, որ մեր ապրանքները կդառնան մրցունակ միջազգային շուկաներում, ուստի պետք է ներդրումները կտրուկ ավելացնել:
«Խոշոր ներդրումների համար պետք է ստեղծվեն կառույցներ, որոնք մոնիտորինգ կանեն ու բոլոր խնդիրների համար կառաջարկեն լուծումներ: Մեր մրցակցային առավելությունը հենց մեր կազմակերպվածությունը պետք է լինի: Երկու հանգամանքի պատճառով ներդրողները, կարծես թե, հրապուրված չեն լինելու մեր երկրում ներդրումներ կատարելով: Դրանք են՝ չհայտարարված պատերազմն ու տրանսպորտային սահմանափակումները»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Երրորդ ոլորտը, ըստ նրա, ընդգծված տնտեսական քաղաքականության խորացումն է երկու անմիջական հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ: ՀՀԿ անդամը հատկապես կարևորեց Իրանի հետ սահմանին նոր ազատ տնտեսական գոտու ստեղծումը: Նրա խոսքերով՝ օրերս Եվրամիության հետ ստորագրված նոր համաձայնագիրը թույլ կտա ստեղծել մի նոր հարթակ, որը կապահովի Եվրամիություն-Եվրասիական տնտեսական միություն-Մերձավոր Արևելք ուղղություններով տնտեսական համագործակցության էական բարձրացում:
«Դա թույլ կտա լուծվել այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ մեր արևմտյան և արևելյան հարևանների միջոցով մեզ պարտադրվում էին, այսինքն՝ մենք դուրս կգանք համագործակցության նոր հնարավորությունների իրականացման ասպարեզ»,- ընդգծեց Գագիկ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ելք» դաշինքի լուծումները՝ գիտության և արդյունաբերության կապակցված աշխատանքի համար
- Հայաստանը հումք արտահանող երկրից պետք է վերածվի ապրանք արտահանող երկրի. «Ելք» դաշինքի ներկայացուցիչ
- Հայաստանը շնչի, արտաշնչի՝ 6 տոկոսն էդ ի՞նչ աճ է, որ չապահովի. Վարդան Բոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ