Ընկերներն ու հարազատները՝ Անդրանիկ Մարգարյանի մասին
Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել ՀՀ վարպապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, կուսակցական ընկերներ, հարազատներ՝ հարգանքի տուրք մատուցելու անվանի գործչի հիշատակին:
Անդրանիկ Մարգարյանի ընկերներից Գառնիկ Բադալյանը լրագրողների հետ զրույցում խոսելով ընկերոջ մասին` ասաց, որ նրա հետ ընկերություն է արել 1967 թվականից։
«Եղել եմ Ազգային միացյալ կուսակցության անդամ, Անդրանիկ Մարգարյանը եղել է անմիջապես մեր խմբի ղեկավարը։ Նա միշտ կհիշվի որպես մեր ազգին անմնացորդ նվիրված պետական գործիչ։ Ընկերության մեջ եղել է առաջնորդը։ Վարակում էր մեզ իր հայրենասիրությամբ։ Դեռևս դպրոցում եղել է ակտիվ, մասնակցում էր շարժումներին։ Մեծ է նրա լուման նաև մեր տնտեսության մեջ»։
ՀՀԿ անդամ Վազգեն Կարախանյանի խոսքով՝ նախկին վարչապետը եզակի քաղաքական ու պետական գործիչներից մեկն է, որ արժանացավ ժողովրդի սիրուն. «Հասարակության մեջ թողեց սեր, հարգանք առ հարազատ ժողովուրդ, և ամենակարևորը՝ հավատով լեցուն վաղվա օր»։
Անդրանիկ Մարգարյանի քույրը՝ Անահիտ Մարգարյանը պատմեց, որ եղբայրը միշտ ասում էր՝ իր համար հայրենիքը, ժողովուրդը, հայրենիքի շահերն առաջնային են, նույնիսկ ընտանիքից ավելի կարևոր ու առաջնային։
«Դա նրա ամենակարևոր պատգամն էր, ամեն ինչ պետք է ծառայեցնել հանուն հայրենիքի, ժողովրդի շահերի։ Նա այդպես էլ ապրեց, ոչ միայն խոսեց դրա մասին, այլ իր ապրելակերպով, իր գործով դա ապացուցեց»,-նշեց քույրը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ