Բարեփոխումների արդյունքում մենք կունենանք հայկական ավանդույթներով ու համուհոտով երկիր. Կարեն Կարապետյան
ՀՀԿ նախընտրական ծրագիրը կարելի է գնահատել որպես բարեփոխումների ծրագիր: Այս մասին այսօր Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, որ 2017 թվականին կառավարությունն իր առջև դրել է հետևյալ խնդիրները` կառավարման սուբյեկտների ախտորոշում, սանիտարիզացիա, կառավարման համակարգի բարեփոխումների սկիզբ և տնտեսական ցուցանիշների կայունացում:
«Չափազանց կարևոր է այս ամենը, որպեսզի հասկանանք մեր խնդիրները, նեղ տեղերը, բազային վիճակը և ըստ դրանց առաջարկենք լուծումներ: Ախտորոշումը ցույց է տալիս, որ բոլոր ոլորտներում ունենք արդյունավետության պակաս, ինչը դրդում է մեզ բոլոր ոլորտներում իրականացնել բարեփոխումներ: Այդ առումով, մեր ծրագիրը կարելի է անվանել նաև բարեփոխումների ծրագիր, քանի որ յուրաքանչյուր ոլորտում՝ առողջապահություն, գյուղատնտեսություն և այլն, մեր թիմի պատկերացմամբ, կատարում ենք ֆունդամենտալ փոփոխություններ»,- ընդգծեց վարչապետը:
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ ուսումնասիրելով ու վերլուծելով վերջին 20-30 տարիների ընթացքում կատարված բարեփոխումները, դրանք ունեցել են երեք հայտանիշ:
«Դրանք բնորոշ են նաև մեր բարեփոխումների ծրագրին: Այն հավակնոտ է և համարձակ, պրագմատիկ է և իրատեսական, դրանք իրականացնող թիմն ունի կամք: Կարծում եմ, որ մեր ծրագիրն ու այն իրագործող թիմը բավարարում են այս երեք հայտանիշներին: Արդյունքում, մեր պատկերացմամբ, մենք կունենանք ժամանակակից, տրամաբանական զարգացող, աշխարհի համար հասկանալի, միևնույն ժամանակ, հայկական ավանդույթներով ու համուհոտով երկիր»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին