Շարմազանովը՝ «Ծառուկյան» դաշինքի հետ հնարավոր համագործակցության մասին
ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում խորհրդարանական կոալիցիաների հետ կապված հարց չի քննարկվել: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքերով՝ քանի դեռ ԿԸՀ-ն վերջնական գնահատական չի տվել և չի ամփոփել վերջնական արդյունքները ընտրությունների, վաղ է խոսել այդ մասին:
Շարմազանովը հայտնեց, որ արդեն մյուս շաբաթ ՀՀԿ-ն քննարկի քաղաքական զարգացումների թեման։
«Մի բան, որ կարող եմ ասել՝ ՀՀԿ-ն իրավունք է ձեռք բերել ձևավորել նոր կառավարություն, միայնակ, թե կոալիցիոն գործընկերների հետ, արդեն կքննարկենք»,- ասաց նա:
Հարցին, թե «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցության համար դռներն արդյոք բաց են, և որտեղ են տեսնում Գագիկ Ծառուկյանին այդ համագործակցության դեպքում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Նախ քաղաքական ուժերը պետք է իրենց տեղերը տեսնեն այն չափով, որքանով հանրությունն իրենց ձայն տվել է: «Ծառուկյան» դաշինքը տպավորիչ քանակի ձայն է ստացել այս ընտրություններում, գրավել է երկրորդ տեղը, լավ է, վատ է, իմ դուրը գալիս է, չի գալիս, փաստն այն է, որ պառլամենտում երկրորդ ազդեցիկ ուժը «Ծառուկյան» դաշինքն է»:
Համագործակցության վերաբերյալ էլ նշեց՝ մի բան է կոալիցիան, մեկ այլ բան է համագործակցությունը:
«Նոր Սահմանադրությամբ կարգն այնպիսին է, որ բոլոր քաղաքական ուժերը՝ ընդդիմություն, թե իշխանություն, չեն կարող չհամագործակցել: Ուստի անխուսափելի է համագործակցությունը թե «Ծառուկյան» դաշինքի, թե «Ելքի» հետ, հարկ եղած դեպքում՝ արտախորհրդարանական ուժերի հետ: Համագործակցությունը չի սահմանափակվում միայն կոալիցիայով: Ես հուսով եմ, որ ազատ, գաղափարական դեբատների միջոցով համագործակցությունը չի բացառվում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ բոլորի նպատակը ավելի ուժեղ, անվտանգ Հայաստան ունենալն է անկախ նրանից ընդդիմություն ես, թե իշխանություն: