Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերթզա Մեյը հայտարարել է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Իր որոշումը նա բացատրել է ուժեղ կառավարություն ձևավորելու անհրաժեշտությամբ: Այս մասին գրում է «BBC»-ն:
«Երկիրը միավորվում է, սակայն խորհրդարանը չի հետևում այդ օրինակին: Ընտրությունները միակ ճանապարհն են կայունություն և անվտանգություն ապահովելու համար»,-հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավարն այսօր՝ ապրիլի 18-ին՝ կոչ անելով ընդդիմությանը պաշտպանելու իր որոշումը:
Թերեզա Մեյի որոշումը պետք է հաստատվի Միացյալ Թագավորության պառլամենտի կողմից: Եթե դա տեղի ունենա, ապա արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 8-ին:
Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ եթե արտահերթ ընտրություններ տեղի չունենան, ապա երկրում կշարունակվեն «քաղաքական խաղերը»:
Ավելի վաղ Մեյը հայտարարել էր, որ երկրում նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն է առաջացել, քանի որ խորհրդարանում միասնականություն չկա ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցում: