Հին ու նոր Երևանների փոխհարաբերություններն այդպես էլ չստացվեցին. Լևոն Թոքմաջյան
Հին ու նոր Երևանների փոխհարաբերություններն այդպես էլ չստացվեցին: Լավ, հին շենքերը քանդվեցին, մինչդեռ նորերը լավ հների շարունակությունը չեն: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:
«Երբ Հունաստանում էի, ամեն օր բարձրանում էի Ակրոպոլիս: Թանգարանից դուրս գալով՝ ամեն քայլափոխի տեսնում էիր այն, ինչ թանգարանում էի տեսել: Երևանում այդպես չէ: Այս անհայրենիք էլիտար շենքերը չեն բնութագրում մեր մայրաքաղաքը: Ամենուրեք բետոն է, քար և սև ապակի: Ասում են՝ հին Երևան են կառուցելու: Բայց ինչո՞ւ այն քանդեցին, որ հիմա էլ նորից ուզում են կառուցել: Հայ շինարարի ձեռքի աշխատանքն էր մեր հնությունը, որ պետք է պահպանեինք»,- ասաց նա:
Լևոն Թոքմաջյանի խոսքով, հին Երևանի ամեն քարի մեջ հոգի կար, քաղաքը կոլորիտ ուներ, իսկ վերջին տարիներին կառուցված շենքերի մեջ հոգի ու ներդաշնակություն չկա: Քանդակագործը հույս հայտնեց, որ ավագանին կկարողանա վերականգնել հին ու նոր Երևանների միջև հոգևոր կապը:
Ասուլիսին ներկա նկարիչ Վալմարն իր հերթին նկատեց, որ Երևանի դեմքն ու եզակիությունն իրական արժեքներ են. «Եթե ամեն ոք սիրի իր հայրենիքը և նրա համար մի լավ գործ անի, ամեն բան ավելի լավ կլինի: Երբ Երևան մարդ է գալիս, ձեռքից բռնած Հանրապետության հրապարակից Օպերա, Օպերայից Հանրապետության հրապարակ պետք է տանենք, այլ տեղ չկա»։
Նկարչի խոսքով, եթե մի քաղաք ես գնում, առաջինը մարդկանց աչքերին ես նայում, և երբ տեսնում ես լուսավոր աչքեր, սկսում ես սիրել այդ երկիրը. «Երևանի պարագայում բավական դրական էներգիա ունեն մանավանդ հայ կանայք և աղջիկները»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ