Վստահեցնում եմ՝ ժամանակին բոլոր աշխատանքները կավարտվեն. Վահան Մարտիրոսյան
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին մեկնարկել են փոսային նորոգման մեծածավալ աշխատանքներ, որոնք միջպետական ավտոճանապարհներին կավարտվեն մայիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախարարության գործունեության վերջին 6 ամսվա արդյունքները:
«Իհարկե բազմաթիվ խնդիրներ ունենք, բայց փորձում ենք դրանք լուծել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այդ աշխատանքներին հատկապես խանգարում են եղանակային պայմանները:
Վահան Մարտիրոսյանն ասաց, որ իրենք պարբերաբար անակնկալ այցեր են կազմակերպում՝ հետևելու այդ ավտոճանապարհների նորոգման աշխատանքներին: Նշեց, որ ՀՀ նախագահի կողմից ևս խիստ հանձնարարական է տրվել հսկողություն սահմանել ճանապարհների սպասարկմանը, դա նաև ՀՀ վարչապետի խիստ հսկողության տակ է:
«Վստահեցնում եմ, որ ժամանակին աշխատանքները կավարտվեն»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, Վահան Մարտիորսյանն ասաց, որ այդ աշխատանքները ևս ընթանում են բնականոն հունով: Ըստ նրա՝ Երևան - Արտաշատ ճանապարհահատվածում շարունակվում են կամուրջների և ուղեանցերի շինարարական աշխատանքները: Բուրաստան, Դիմիտրով և Արաքսավան համայնքներին հարող կամուրջների հատվածների երթևեկն արդեն վերականգնված է, կամուրջների շինարարական մյուս աշխատանքները կշարունակվեն արդեն բաց երթևեկության պայմաններում:
Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ մյուս կամուրջների հատվածներում երկկողմանի երթևեկությունն ամբողջությամբ կվերականգնվի մայիսի 25-ին` պայմանագրով նախատեսված ժամկետի՝ սեպտեմբերի փոխարեն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ