ԱՄՆ հստակ ցույց է տալիս՝ Հարավային Կովկասում իր առաջին գործընկերը Վրաստանն է. Ջոնի Մելիքյան
Վրաստանի իշխանությունները ԱՄՆ վերջին 2 իշխանությունների հետ հարաբերություններում սխալներ են թույլ տալիս, և այդ երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Միացյալ նահանգներ կարելի է ճիշտ հարաբերություններ կառուցելու հաջող փորձ համարել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։
«Նախկինում, երբ ԱՄՆ նախագահ էր ընտրվում Բարաք Օմբաման, վրացական իշխանությունները չէին էլ թաքցնում, որ աջակցում են Հանրապետական կուսակցությանը՝ հակառակ այն բանի, որ ընտրվել էր դեմոկրատ թեկնածու։ Այս անգամ էլ Վրաստանն աշխատում էր դեմոկրատ Հիլլարի Քլինթոնի հետ, բայց ի վերջո հաղթեց հանրապետական Դոնալդ Թրամփը։
Այժմ, դատելով Վաստանի վարչապետի ամերիկյան այցից, կարելի է ասել, որ դինամիկ հարաբերություններ կզարգանան։ Որքան էլ Թրամփի վարչակազմը ցույց է տալիս, որ Օբամայի վարչակազմի նման ակտիվ չի լինելու, սակայն միաժամանակ հստակ ցույց է տալիս՝ ով է Հարավային Կովկասում իր առաջին գործընկերը։ Դա, անկասկած, Վրաստանն է»,- համոզմունք հայտնեց Ջոնի Մելիքյանը։
Վրացագետի համոզմամբ, հարևան երկիրն ամեն կերպ ձգտում է բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը՝ մանավանդ վերջին ամիսների ճգնաժամային իրավիճակի ֆոնին։
Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա, մեր զրուցակցի կարծիքով, հայկական լոբբիստական ընկերությունները պետք է հանրապետականների հետ ավելի ակտիվ աշխատանքներ վարեն՝ Հարավային Կովկասում դառնալու ԱՄՆ գոնե 2-րդ կարևոր գործընկերը՝ այսպիսով առաջ մղելով հայանպաստ բազմաթիվ նախագծեր։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին եռօրյա պաշտոնական այցով ԱՄՆ մեկնել էր մայիսի 8-ին: Սպիտակ տանը նա հանդիպել էր Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի հետ։
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների և այդ ուղղությամբ համագործակցության զարգացման թեմաներ: Հանդիպմանն ուշադրություն է դարձվել Անակլիայի նավահանգստի ծրագրին և դրան ամերիկյան ընկերությունների ներգրավմանը: