Վ. Կորեշկով. HACCP համակարգերի ներդրումը սննդամթերքի արտադրություններում առաջնային խնդիր է
«Շատ ավելի հեշտ և նպատակահարմար է ռիսկերը կանխել, վերացնել կամ հասցնել նվազագույնի արտադրության գործընթացում, քան՝ վերահսկողական գործողությունների միջոցով»:
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության կողմից անցկացվող խորհրդատվական սեմինարում հայտարարել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Վ. Կորեշկովը:
ՍԱՊԾ մամուլի ծառայության հաղորդմամբ, նա խոսել է սննդամթերքի անվտանգության ոլորտում Եվրասիական տնտեսական միության ընթացակարգերի առանձնահատկությունների մասին՝ մասնավորեցնելով «Վտանգների աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման»՝ HACCP, համակարգն ու սննդամթերքի արտադրության գործընթացների ժամանակ դրա վրա հիմնված ընթացակարգերի մշակման, իրականացման և պահպանման պահանջը:
ԵՏՀ պաշտոնյան անդրադարձել է HACCP համակարգերի ներդրման կարևորությանը և կիրառման սկզբունքներին՝ մանրամասնելով ռիսկերի վերլուծության և գնահատման, հսկման կրիտիկական կետերի հայտնաբերման, մշտադիտարկման համակարգի մշակման, բոլոր փուլերի և ընթացակարգերի փաստաթղթավորման և արդեն մշակված համակարգի ստուգման գործընթացի կարևորությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 827-Ն որոշմամբ, 2017 թվականի հունվարի 1-ից սննդի շղթայի օպերատորները իրենց արտադրություններում պետք է ներդնեն «Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգ» (HACCP):
Ներդրման ժամկետի ավարտը 2020 թվականի հունվարի 1-ն է: Այս համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի մշակման, իրականացման և պահպանման պահանջը բխում է նաև «Սննդամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի դրույթներից (ТР ТС 021/2011): Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տնտեսավարողներին տարբեր ձևաչափերով շարունակելու է խորհրդատվություն և աջակցություն տրամադրել՝ ռիսկերի կանխարգելմանն ուղղված և ողջ աշխարհում հաջողությամբ կիրառվող այս համակարգի սկզբունքները ներդնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին