ԵՄ շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը. Բաբլոյան
Ժողովրդավարության զարգացման ուղղությամբ ընթացող Հայաստանն ակնկալում է Եվրոպական միության աջակցությունը տարբեր բնագավառներում,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանն ընդունելության ընթացքում։
Բաբլոյանի խոսքով՝ Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը։
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ժողովրդավարության զարգացման և մարդու հիմնարար իրավունքերի պաշտպանության համատեքստում Արա Բաբլոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կազմված սև ցուցակին, որտեղ հանիրավի հայտնվում են Արցախ այցելած օտարերկացիները, ովքեր ցանկություն են հայտնում իրավիճակին տեղում ծանոթանալու:
ԱԺ նախագահը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և սահմանային միջադեպերի ընթացքում զոհվող երիտասարդների հարցին, վերահաստատել է ԼՂ հիմնահարցի՝ խաղաղ ճանապարհով լուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը և նշել. «Որպես բժիշկ՝ խորհրդային տարիներին բուժել ու վիրահատել եմ հարյուրավոր ադրբեջանցի երեխաների և ցավալի է, որ այս օրերին կորցնում ենք մեր երիտասարդներին. խնդիրը պիտի լուծվի բանակցային ճանապարհով»:
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը ցանկություն է հայտնել լսելու թե՛ քաղաքական մեծամասնության, թե՛ ընդդիմության կարծիքները երկրում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:
Մտքերի փոխանակության ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուղիներին, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների այցելություններին Արցախ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին