Բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերն ավելացել են 15.4%-ով
2016 թ. բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերը ավելացել են 15.4%-ով՝ հիմնականում ի հաշիվ կորպորատիվ վարկային պորտֆելի ընդլայնման:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2016 թվականի ֆինանսական կայունության հաշվետվության համաձայն, տարեսկզբի համեմատ իրավաբանական անձանց տրված վարկերը աճել են 20.7%-ով, իսկ ֆիզիկական անձանց վարկերը մնացել են գրեթե անփոփոխ:
Ռեզիդենտներին տրամադրված վարկային ներդրումներում համեմատաբար մեծ տեսակարար կշիռներ ունեն սպառողական, արդյունաբերության և առևտրի ոլորտներին տրամադրված վարկերը` համապատասխանաբար 20.3%, 19.6% և 15.7% (նախորդ տարի՝ 20.7%, 18.4% և 16.9%):
Տարվա ընթացքում արձանագրվել է չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի աստիճանական բարելավման միտում. չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի (հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի ռիսկային դաս ունեցող) տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում և դեբիտորական պարտքերում նվազել է 1.2 տոկոսային կետով և կազմել 6.2%: Ըստ ռիսկի դասերի՝ հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 1.9%, 1.7% և 2.5% (նախորդ տարի՝ համապատասխանաբար 3.3%, 2.2% և 1.9%):
Չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը առավել բարձր է հանրային սննդի ու այլ սպասարկման ոլորտի, արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի վարկերում՝ համապատասխանաբար 13.5%, 10.2% և 9.2%: