«Երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր կարող է ունենալ Երևանում Կորեայի ռեզիդենտ դեսպանության բացումը»
«Կորեայի Հանրապետությունն Արևելյան Ասիայի տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Ուրախ եմ նկատել, որ նախորդ քառորդ դարի ընթացքում հայ-կորեական միջպետական կապերի զարգացումն ընթացել է բարեկամական մթնոլորտում՝ ամուր հիմքեր ստեղծելով փոխշահավետ համագործակցություն զարգացնելու համար»,- այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր Սեուլում Կորեայի Ազգային ժողովի խոսնակ Չոն Սե Կյունի հետ հանդիպմանը։
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում պատգամավորական բարեկամական խմբերն առավել ակտիվ փոխգործակցություն կզարգացնեն՝ նպաստելով երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ընդլայնմանը:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացված ծրագրի արդյունավետությունը և հույս հայտնել, որ համագործակցությունը Գործակալության հետ շարունակական կլինի:
Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստան-Կորեա երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր կարող է ունենալ Երևանում Կորեայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության բացումը:
Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չոն Սե Կյունը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահի այցը Կորեա, կարևորել է Կորեայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ծավալված համագործակցությունը: Չոն Սե Կյունն անդրադարձել է երկու երկրների խորհրդարանների միջև առկա հարաբերություններին և բարեկամական խմբերի գործունեությանը՝ հույս հայտնելով, որ նորընտիր խորհրդարանում ձևավորված խումբը նույնպես ակտիվորեն կհամագործակցի կորեացի գործընկերների հետ՝ նպաստելով մշակութային, կրթական, տնտեսական բնագավառներում համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Բաբլոյան. Ադրբեջանի ագրեսիան ապացուցեց, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի
- Բաբլոյանն առաջարկել է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ