Հայաստանում ներդրումներ կատարում են միայն հստակ քաղաքական շահեր ունեցողները. տնտեսագետ
«Ներդրումների հեռանկարներ Հայաստանում միշտ կան, սակայն կա կարևոր մի պահ, որն առնչվում է վստահության գործոնին: Եթե մենք չենք վստահում մեր տնտեսությանը, ապա ինչո՞ւ պետք է օտարերկրացին վստահի և ներդրում կատարի Հայաստանում: Այստեղ ներդրումներ կատարում են միայն այն երկրները, որոնք ունեն հստակ քաղաքական շահեր»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Տնտեսագետի խոսքով, Հայաստանը ներդրումների մասով խիստ պասիվ դիրքորոշում ունի: Ներդրումների առյուծի բաժինը կառուցվում է պարզունակ «Եկեք Հայաստան» մոտեցման վրա:
«Իրականում մենք պրոակտիվ չենք, մեր պոտենցիալը շատ մեծ է, սակայն այն կինետիկ էներգիայի վերածելու համար պետք է մի փոքր նեղություն տանք մեզ: Մենք պետք է սցենարներ մշակենք, թե ում հետ կարող ենք ապագայում գործընկերային հարաբերություններ հաստատել, եթե իրավիճակ փոխվի: Պետք է տեղին օգտագործել նաև սփյուռքի ներուժը»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Տնտեսագետը շեշտեց, որ թեև շատ է հարգում ՀՀ վարչապետին, սակայն վստահ չէ, որ նրա թիմը նույնքան գործունյա է, որքան ինքը՝ գործադիրի ղեկավարը:
«Նրա օգնականներն ու խորհրդականները ճիշտ մարդիկ չեն: Նրանք են վարչապետին ամենամեծ վնասը պատճառում: Պորտաբույծներին պետք է քշել, բերել երիտասարդներին: Մենք պետք է պահանջատեր լինենք»,- ասաց նա:
Իրավաբան Հայկազ Մակարյանն էլ նշեց, որ ՀՀ արտաքին պարտքի առյուծի բաժինը՝ մոտ 84 տոկոսը, բաժին է ընկնում միջազգային կազմակերպություններին: Նրա խոսքով, Հայաստանում վստահելիության մակարդակը հասել է նվազագույն շեմին, և եթե ՀՀ ֆինանսների նախարարը Հայաստանի տնտեսությունը համամետում է աֆրիկյան պետություններից մեկի՝ Բոտսվանայի հետ, ասելու ոչինչ չի մնում:
«Ներդրումային դաշտը պետք է պարզեցնել»,- ասաց իրավաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին