«Առանց գաղափարախոսության տեխնոկրատ»՝ Վենեդիկտովը նկարագրել է Պուտինի իրավահաջորդին
Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը համարձակվել է ասել Վլադիմիր Պուտինի հնարավոր իրավահաջորդի անունը: mk.ru –ի հաղորդմամբ, Znak.com-ին տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ նախագահական աթոռը կարող է զբաղեցնել «տեխնոկրատներից» ցանկացածը:
Նա նշել է, որ Պուտինը դեռևս ինքը չի կողմնորոշվել 2018 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հարցում:
Ավելի վաղ Ալեքսեյ Վենեդիկտովը կարծում էր, որ գլխավոր թեկնածուն կլինի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, բայց Ալեքսանդր Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ֆիլմ-հետաքննությունից հետո նրա վստահությունը այս հարցում պակասել է:
«Հիմա նա առաջին տեղից հեռավել է: Բայց ինձ թվում է՝ Նավալնիի ֆիլմն ու վարչապետի արձագանքը դրան (կամ արձագանքի բացակայությունը) Մեդվեդևի հնարավորությունները նվազեցրել են: Բայց նա, իհարկե, այդ ցուցակում է»,- ասել է լրագրողը:
Նրա կարծիքով, երկրի ղեկավարի աթոռի համար կարող է պայքարել «առանց թիմի, առանց գաղափարախոսություն ցանկացած տեխնոկրատ»: Վենեդիկտովը կոնկրետ անուններ է նշել. հնարավոր իրավահաջորդները կարող են լինել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Պերմի մարզի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Ռեշետնիկովը կամ Նովգորոդի մարզի նահանգապետի ժամանավոր պաշտոնակատար Անդրեյ Նիկիտինը:
Նշվում է, որ ապրիլի վերջին Վ. Պուտինը, խոսելով հնարավոր իրավահաջորդի մասին, հայտարարել էր, որ թեկնածուին կարող է ընտրել «միայն ռուս ժողովուրդը, այլ ոչ թե կոնկրետ պաշտոնյան»:
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դ. Պեսկովը մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Պուտինը կինքնաառաջադրվի ընտրություններում, թե կլինի որպես «Եդինայա Ռոսիա»-ի թեկնածու, հայտարարել էր, որ դեռևս այդ մասին խոսք չի գնացել: