Վարչապետ. Ունենք հետ ընկնող երկու ոլորտ
«Հայտնի է՝ եթե երկրում ակտիվ շինարարություն է ընթանում, ակտիվանում են նաև մյուս ոլորտները»,-այսօր հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա այսօր մասնակցել է Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատելով Շինարարի օրը, այն ավանդական է դարձրել և ամեն տարի նշելով՝ փաստում է, որ շինարարությունը եղել և մնում է մեր երկրի տնտեսության կարևոր և առանցքային բնագավառներից մեկը:
«Ցանկացած երկրի տնտեսության համար շինարարությունը մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի՝ դրական ազդեցություն ունենալով այլ ուղղությունների զարգացման վրա: Պետությունը, որտեղ զարգանում է շինարարությունը, առաջընթաց է ապրում»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքով, որքան էլ վիճակագրական տվյալները հուշեն, թե շինարարության զարգացման առումով այժմ դժվարին փուլում ենք գտնվում, մեկ բան ակնհայտ է՝ հայ շինարարը միշտ կառուցել է և պիտի կառուցի. այդպես է եղել անգամ մեր երկրի համար չափազանց դժվարին ժամանակներում:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ կառավարությունն այսօր ջանքեր է գործադրում հանրապետությունում քաղաքաշինական-ներդրումային ծրագրերի իրականացման, շինարարության խթանման համար:
«Ցանկանում եմ ֆիքսել, որ շինոլորտում ակտիվության հստակ միտումներ ունենք և համոզմունք ենք հայտնում, որ շինարարության տեմպերի աճի առումով ունենալու ենք առաջընթաց»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամսվա ընթացքում, ըստ վիճակագրական տվյալների, ունենք հետ ընկնող երկու ոլորտ՝ շինարարությունն ու գյուղատնտեսությունը:
«Մեր կանխատեսումներով, վստահ ենք, որ շինարարության ոլորտում հոկտեմբերին մոտենալու ենք այն ցուցանիշին, որը լրացնելու է նախորդ տարվա տեմպերն ու տարվա կտրվածքով ունենալու ենք աճ»,-ասել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառին՝ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ արդեն նախորդ ամիս արձանագրվել են աճի միտումներ. «Բոլորս պետք է վստահ լինենք, որ կառավարությունն այսօր վիճակագրական ինդիկատորներին հստակ հետևում է: Համոզված ենք, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին