Ֆինլանդիայում տուժածների թիվն ավելացել է
Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում երեկ երեկոյան հարձակման հետևանքով տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 10-ի: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ոստիկանությունը հաղորդել է, որ դանակից ստացած վնասվածքների հետևանքով զոհվել է երկու մարդ:
Եվս ութ մարդ գտնվում է հիվանդանոցում, ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի, վեց տուժածի մասին:
Տուժածներից երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանք վերակենդանացման բաժանմունքում են: Հիվանդանոց է կանչվել լրացուցիչ բժշկական անձնակազմ, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:
Ոստիկանության հաղորդմամբ բոլոր տուժածները պատահական անցորդներ են, որևէ կապ չեն ունեցել սպանությունների մեջ կասկածվող անձի հետ: Նա ևս վնասվածք է ստացել, այժմ հիվանդանոցում է:
Ֆինլանդիայի Ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ քննությունը ցույց կտա հանցագործության մոտիվացիան:
«Կասկածյալի ինքնությունն այժմ ճշտված չէ, ավելի շուտ նա նման է օտարերկրացու, միգրացիոն ծառայություններն այժմ ճշտում են, արդյոք նման մարդ գրանցվել է երկրում»,-ասել է նա:
Հարձակում գործած անձը դեռ չի հարցաքննվել, ոստիկանությունը պատրաստվում է դա անել հնարավորինս արագ: Առայժմ իրավապահ մարմինը չի հաստատում, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է: Այս պահին հավանական չեն համարում, որ հարձակվող գործել է միայնակ:
Ֆինլանդիայի ծայրամասերում անցկացրած մի շարք գործողությունների հետևանքով չորս անձ է ձերբակալվել: Նրանց հարցաքննությունը սկսվել է: