Դատավորների աշխատավարձերը պետք է հետևողականորեն բարձրացնել. Արտակ Զեյնալյան
«Մինչև ԱԺ պատգամավոր, առավել ևս Արդարադատության նախարար դառնալը խոսել եմ այն մասին, որ դատավորի սոցիալական երաշխիքները չափազանց կարևոր են։ Դատավորի աշխատավարձը պետք է լինի բարձր և կենսաթոշակն էլ հնարավորինս մոտ լինի աշխատավարձին»,-«Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Ես նույնիսկ սահմանել եմ մի եզրույթ, որ չկա թոշակառու դատավոր, կա պաշտոնաթող դատավոր։ Դատավորը միշտ դատավոր է՝ նույնիսկ պաշտոնաթող լինելուց հետո, և պետք է բարձր կենսաթոշակ ստանա՝ որպես մնացյալ բոլորի արդար դատաքննության իրավունքի երաշխիք»,- ասաց նախարարը։
Արտակ Զեյնալյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Հայաստանում դատավորների թիվը100 հազար բնակչի հաշվարկով երեք անգամ պակաս է արդյունավետ կառավարում իրականացնելու համար։ Մասնավորապես, 100 հազար բնակչի հաշվարկով պետք է լինի 21 դատավոր, մինչդեռ Հայաստանում այդ թիվը 7 է։
«Դատավորների թիվն, իհարկե, պետք է հետևողականորեն ավելացնել, պետք է հետևողականորեն ավելացնել նաև դատավորների աշխատավրձերն ու կենսաթոշակները։ Սակայն դա միայն նախարարից կախված չէ, բոլորիցս է կախված։ Պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ ավելանա մեր ՀՆԱ-ն, մեծանան պետական մուտքերը։ Այս պահին դեռևս չենք կարող, սակայն վճռական ենք տրամադրված։ Երկրում ստեղծված մթնոլորտը շատ նպաստավոր է»,- ամփոփեց Արդարադատության նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին