Լ.Զուրաբյան. Մենք պատրաստ ենք ՀՀԿ-ի հետ համագործակցել
«Մենք արյունախումներ չենք, ոչ էլ Ռոբեսպյերներ, ուղղակի ուզում ենք հասկանանք, թե ինչպես է այդպես ստացվում, որ աշխարհում ամենաէժան գազ ստացող ժողովուրդը ամենաթանկ գինն է վճարում այդ գազի դիմաց»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով գազի գնի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությանը:
Նրա խոսքով, հանձնաժողովի նպատակն է պատասխանել մի շարք հարցերի՝ ինչպես է ձևավորվում գազի գնի գոյացումը սահմանից մինչև սպառող, ինչպես է հնարավոր անկախ վերահսկողություն հաստատել գազի կալորիականության նկատմամբ և այլն:
Լ. Զուրաբյանը նաև նշեց, որ ՀՀ իշխանությունները մի շարք օրենքներ են խախտել. «Կատարվել է գանձագողություն, թալան և հարցը շատ պարզ է, եթե մեր իշխանությունները պատրաստ են կատարված ապօրինությունների համար պատասխանատվության կանչել կառավարությանը, ապա կարող եք հեշտությամբ համաձայնվել այդ հանձնաժողովի ստեղծմանը և ժողովրդին ցույց տալ, որ պատրաստ եք այս հարցը լուծել: Մենք պատրաստ ենք ՀՀԿ-ի հետ համագործակցել այս հարցի շուրջ՝ ժողովուրդը սպասում է, արեք ձեր կոնտրառաջարկը»: