Թուրքական լոբբին անտարբեր չմնաց. ԵԽԽՎ-ում, ի պատասխան հայկականի, Քեսաբի մասին հայտարարություն է ընդունվել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում շրջանառության մեջ դրվեց և ընդունվեց հայտարարության տեքստ Սիրայի վերաբերյալ, որն անվանել էին «Իրավիճակը Սիրայում հումանիտար ճգնաժամ և համերաշխություն»։
Այս փաստաթուղթն, ըստ էության, պատասխանն էր ԵԽԽՎ-ում հայկական կողմի ընդունած հայտարարությանը, որով դատապարտվում էր Քեսաբում տեղի ունեցած դեպքերը և մատնանշում Թուրքիայի մասնակցությունն իրադարձություններին, քանի որ, ինչպես հայտնի է, Քեսաբի վրա հարձակումն իրականացվել էր Թուրքիայի տարածքից։
Ինչպես տեղեկացնում է Ստրասբուրգում Panoramma.am-ի թղթակիցը, փաստաթուղթը, որն արտահայտում է Թուրքիայի տեսակետը՝ Սիրիայում և հատկապես Քեսաբում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ, զարմանալիորեն հեղինակել էր Մեծ Բրիտանիայի պատգամավոր Ռոբերտ Վոլտերը, ով ԵԽԽՎ-ում ջանք չէր խնայում՝ հասնել Ռուսաստանի պատվիրակների լիազորությունների կասեցմանը։
Ընդունված հայտարարության մեջ «Վեհաժողովը ևս մեկ անգամ լուրջ մտահոգություն է արտահայտում Սիրիայի ճգնաժամի շուրջ, որի արդյունքում զոհվել են ավելի քան 200 000 անմեղ մարդիկ, տեղահանվել է 6,5մլն մարդ և 2,5մլն մարդ դարձել է փախստական»։
«Թուրքիան, որը Սիրիայի ճգնաժամի արդյունքում առավել տուժած երկրներից մեկն է, մոբիլիզացնում է իր ողջ կարողությունները և ընդունում Սիրիայից փախչողներին՝ անկախ սեռից, էթնիկ և կրոնական հիմքերի»,-ասվում է գրավոր հայտարության մեջ՝ ընդգծելով, որ Թուրքիայի այս ջանքերը պետք է գնահատել։
Անցնելով արդեն Քեսաբում տեղի ունեցածին՝ փաստաթղթում ասվում է. «Թուրքիան արդեն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել Քեսաբում ապրող սիրիահայերի նկատմամբ՝ Թուրքիայում հայկական համայնքի ղեկավարության հետ միասին։ Սիրիահայերն արդեն ընդունվել են Թուրքիայում և նրանց հիմնական կարիքներն ապահովված են»։
Հայտարարության տակ ստորագրածները խստորեն դատապարտում են «որոշ շրջանակների այն անհիմն ու կանխամտածված մեղադրանքները»՝ Քեսաբում տեղի ունեցածի մեջ Թուրքիային մեղադրելու համար և Թուրքիային հորդորում են «շարունակել իր ջանքերը»։
Հարակից հրապարակում`
ԵԽԽՎ-ում ընդունվեց Քեսաբի դեպքերը դատապարտող հայտարարությունը