Ինչո՞ւ են տնտեսում պատգամավորների գործուղումների վրա. Ուրիխանյանի հարցն անպատասխան մնաց
ԱԺ պատգամավորների գործուղումների հարցը շարունակում է մնալ ակտուալ: 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էրիկ Մինասյանը ներկայացնելով խորհրդարանի անցած տարվա ցուցանիշները հայտարարեց, որ պատգամավորների գործուղումների մասով ջանում են տնտեսումներ անել, ինչը դուր չեկավ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, ով խնդրեց բանախոսին բացատրել այդ տնտեսումների տրամաբանությունը:
«Օրինակ, դեպքեր են եղել, երբ ՌԴ էկոնոմ դասի մեկ տոմսի և ընդամենը 74 դոլարի համարժեք օրապահիկի մասով տնտեսումներ են իրականացվել, բայց միջխորհրդարանական ասամբլեայի հանձնաժողովի նիստին Հայաստանից ներկայացուցիչ չենք ունեցել: Սա՞ Է տրամաբանությունը»,- հետաքրքրվեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Է.Մինասյանն արձագանքեց, թե ԱԺ պատգամավորների գործուղումների մասով ծախսերը նախատեսված են եղել 350 միլիոնի կարգի, որը հարյուր տոկոսով կատարվել է, նույնը նախատեսվում է նաև ընթացիկ` 2014 թվաանին. «Քանի որ դժվար է կանխատեսել գործուղումների քանակը, դրա համար կան նաև ֆինանսական բարդություններ` օրապահիկների, ավիատոմսեր գնելու առումով: Հաճախ պատգամավորները գործուղումների օրերից դուրս ամսաթվեր են նշում`լրացուցիչ մնալով տվյալ երկրում, բայց այս դեպքում լրացուցիչ օրերի համար օրապահիկ չի տրամադրվում»:
Տ.Ուրիխանյանը նկատեց, որ իր ասածը վերաբերվում է հենց կոնկրետ օրերին ու պլանային միջոցառումներին, այնպես որ ստիպված կրկնեց հարցը` ո՞վ և ի՞նչ տրամաբանությամբ է որոշվում, թե այս կամ այն գործուղումը կարևոր, թե ոչ. «Ինձ հետաքրքրում է, թե անցած տարի ի՞նչ պատճառով են տնտեսվել այդ կարևորագույն ուղղությամբ գումարները»:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը խնդրեց նշել կոնկրետ դեպք, որին էլ կփորձի պարզաբանում տալ, բայց ԲՀԿ-ական պատգամավորը արձագանքեց, թե այս պահին մասնավորեցնել չի ուզում, քանի որ ընդհանուր առմամբ երևույթի մասին է խոսում: Սակայն այսքանով թեման փակվեց ու Տ.Ուրիխանյանը այդպես էլ հարցերի պատասխան չստացավ:
Երկխոսությանը միջամտեց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով նշեց, որ իր գործունեությունն ուղղված է նաև ՌԴ-ի հետ ՀՀ հարաբերությունների կարգավորմանն ու ամրապնդմանը, և կարող է ասել, որ չի հիշում նման դեպք, որը խնդրահարույց է եղել. «Տնտեսումներից մեր գործընկերները լուրջ խնդիրներ չեն ունեցել և ես չեմ հիշում նման դեպք»:
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով