Շանհայ ՝ Կենտրոնական Ասիան վերահսկելու չին-ռուսական հարթակ
Չինաստանի արտգործնախարար Վան Ին պաշտոնական այցով կայցելի Տաջիկստան և հուլիսի 30-31-ին Դուշանբեում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդին:
Շանհայի համագործակցության կազմակերպությունում նախագահությունը Ղրղզստանից փոխանցվել է Տաջիկստանին: Կազմակերպության նախագահների մասնակցությամբ հաջորդ գագաթաժողովը տեղի է ունենալու այս տարվա սեպտեմբերին՝ Դուշանբեում:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2001թ.-ին Շանհայում՝ անդամ-երկրների (Ռուսաստան, Չինաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան) միջև քաղաքական, առևտրա-տնտեսական, կրթական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար: http://www.ca-news.org/news:1118975/
Չինաստանի համար Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-երկրների հետ հարաբերությունների խորացումը մնում է արտաքին քաղաքական գերակայություն և Պեկինը քայլեր է ձեռնարկում այդ երկրներից յուրաքանչյուրի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ:
Չինաստանը զգում է Կենտրոնական Ասիայի էներկագիրների կարիքը
Չինաստանի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև երկկողմ ապրանքաշրջանառությունը պատմական ռեկորդ է սահմանել՝ հասնելով 46 միլիարդ դոլարի, իսկ այս երկիրը դարձել է Ղազախստանի և Թուրքմենստանի առաջին, Ղրղզստանի և Ուզբեկստանի՝ երկրորդ, իսկ Տաջիկստանի՝ երրորդ առևտրային գործընկերը:
Կենտրոնական Ասիայի վերոնշյալ հինգ երկրների և Պեկինի միջև ռազմավարական կապերը ամրապնդվեցին Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինի 2013թ.-ին սեպտեմբերին տարածաշրջան կատարած այցի ընթացքում:
Իր տասնօրյա շրջագայության ընթացքում Չինաստանի ղեկավարը մի շարք կարևոր հանդիպումներ ունեցավ կենտրոնական ասիական երկրների առաջնորդների հետ և ստորագրեց տնտեսական մի շարք ռազմավարական համաձայնագրեր:
Թուրքմենստանում Սի Ձինպինը համաձայնագիր է ստորագրել թուրքմենական կողմի հետ, որով մինչև 2020 թվականը կավելացվի Թուրքմենստանից Չինաստան առաքվող գազի ծավալը՝ հասցնելով տարեկան 60 մլրդ խմ: Աշգաբադից հետո Չինաստանի ղեկավարը ուղևորվել է Ղազախստան, Աստանայում ստորագրել 30 միլիարդ դոլարի համաձայնագրեր, այդ թվում` նավթային ոլորտում երկկողմ համագործակցության շուրջ: Ուզբեկստանում նախագահ Իսլամ Քարիմովի և Սի Ձինպինի հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Միջին Ասիա-Չինաստան գազամուղի ընդլայնման հարցերը:
Ուզբեկստանը ոչ միայն գազի տարանցման երկիր է, այլ նաև սեփական գազն է արտահանում Չինաստան՝ տարեկան մինչև 10 միլիարդ խմ:
Կողմերը պայմանավորվել են մինչև 2017թ.-ը ավելացնել երկկողմ ապրանքաշրջանառությունը, այն հասցնելով 5 միլիարդ դոլարի: Երկրների ղեկավարները ռազմավարական են համարել նաև Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան մայրուղու և երկաթգծի կառուցման նախագծերը:
Արտյոմ Բալասանով
(շարունակելի)
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ