«Հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում կարևոր է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների դերը»
Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ, երկու երկրների դեսպանները: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշել է, որ այս այցը ևս մեկ անգամ ապացուցում է երկու երկրների՝ բազմակողմանի համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված պատրաստակամությունը:
ՀՀ ԱԺ նախագահը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում կարևորել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների դերը և համագործակցությունը միջազգային կառույցներում:
Ըստ ԱԺ նախագահի՝ երկու երկրները պետք է ավելի ակտիվ համագործակցեն, նախագծեն ու իրականացնեն համատեղ նոր ծրագրեր: Անդրադառնալով հայ-վրացական բազմադարյան բարեկամությանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության ոգեկոչման հարյուրամյա տարելիցը, և պատմության դասերը չեն առնչվում միայն հայ ժողովրդին, այլ վերաբերում են նաև մյուս ժողովուրդներին: Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը կարևոր նշանակություն ունի մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելու հարցում:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության հաստատման և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված նոր պայմանների ստեղծման հարցում: Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը հետամուտ է ղարաբաղյան հակամարտության՝ խաղաղ ճանապարհով կարգավորմանը և կարևորում է վստահության մթնոլորտի հաստատումը տարածաշրջանում:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին և ներկաներին, նշել է, որ վրացական պատվիրակության այցի նպատակն է առավել զարգացնել հարևան երկրի հետ բարիդրացիական հարաբերությունները և նպաստել տնտեսական, մշակութային կապերի ամրապնդմանը: Նա կարևորել է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների համագործակցության խորացմանն ուղղված քայլերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ