Հ.Թովմասյանը` ընդդիմախոսներին. Այսինքն` ի՞նչ է, արձանագրում ենք, որ մենք արդեն ժողովրդավարական երկի՞ր ենք
«Ոչ ոք չի ասում, այդ թվում և հանձնաժողովը, որ այն խնդիրները, որոնք կան մեր երկրում, պետք է դնենք մի կողմ ու միայն Սահմանադրական բարեփոխումներով զբաղվենք: Այդ բարեփոխումները չեն գալիս իրենցով փոխարինելու այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ ջանքերին»,- «Ժառանգության» կողմից նախաձեռնած խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:
Վերջինս հիշեցրեց, որ դեռևս 90-ականներին ու հատկապես 2000-ականների սկզբին առաջարկվել է անցում պառլամենտական կառավարման մոդելին: Եվ այսօր, երբ ասում են, թե Սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտ են, բայց դեռ դրանց ժամանակը չէ, նա հարց է տալիս. «Իսկ ո՞վ ասաց, որ ինչ-որ պահի այդ ժամանակը լինելու է, որտեղի՞ց վստահություն, որ այդ ժամանակը լինելու է մեկ կամ երեք տարի հետո»:
Անդրադառնալով մինչ իրեն ելույթ ունեցած ընդդիմադիրների ելույթներին, հատկապես քաղաքական կամք դրսևորելու անհրաժեշտությանը` Հ.Թովմասյանը նշեց. «Ես հիմա խոսում եմ որպես իրավաբան ու ՀՀ քաղաքացի. ես չեմ ուզում, որ իմ երկրում ինչ-որ բան բացառապես կախված լինի քաղաքական կամքից: Ես ուզում եմ, որ դա հենց այդպես էլ լինի: Շատ են խոսում քաղաքական կամքից, բայց հնարավոր է այդ կամքը չլինի ու հանկարծ պարզվի, որ մեր կառավարությունը բաղկացած է երկու նախարարությունից, իսկ մնացած բոլորը իրականացնում են կառավարությանն առնթեր մարմիններ, որոնք դուրս են պառլամենտական վերահսկողությունից: Վատ կամքի դեպքում, այո, նաև նման դրսևորում է հնարավոր: Իսկ գուցե Սահմանադրությամբ հնարավոր է այդ ամբողջը լուծե՞լ, այդ բոլորի պատասխանները տալ ու վերջացնել»:
Հ.Թովմասյանը, իր ելույթում դիմելով ընդդիմախոսներին, անընդհատ հարցադրում էր հնչեցնում. «Ինչի՞ն եք դեմ, ես ուզում եմ հասկանալ: Ես կրկնում եմ` այն փաստարկը, թե դեռ ժամանակը չի, համոզիչ չի, քանի որ չկա երաշխիք, որ ժամանակի ընթացքում դրանք վերանալու են: Կամ հայտարարում են` ժողովրդավար երկրներում Սահմանադրությունը չի փոխվում: Այսինքն` ինչ է, արձանագրում ենք, որ մենք արդեն ժողովրդավարական երկի՞ր ենք: Հակասությունները տասնյակ են ու շատ»:
Հիշեցնենք, ավելի վաղ իր ելույթում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ «որևէ ժողովրդավար պետություն Սահմանադրությունը չի փոխել, անգամ Ռուսաստանը»:
Վերջում Հ.Թովմասյանը հորդորեց քաղաքական ուժերին օգնել քննարկումներում, առավել ևս, որ հանձնաժողովը պատրաստ է դրանց:
Հարակից հրապարակում`
Այն, ինչ մեզ առաջարկվում է բանանային հանրապետությունների ուղին է. Լ. Զուրաբյան
Բարձր ամբիոններից ամպագոռգոռ հայտարարություններ անելուց առաջ դուրս եկեք փողոց. ԲՀԿ-ն` ՀՀԿ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին